Սպահանի հայոց թեմապատկան կալւածների օպտիմալացման ծրագրի շրջագծում շահագործման են յանձնւել երեք նախագծեր՝ աշխատատեղեր ստեղծելու, միութիւնների գործունէութեանն նպաստելու եւ մշակութային ժառանգութեան ու արժէքների պահպանման նոր հաստատութիւն հիմնելու ուղղութիւններով։
Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, իր գործունէութեան անցնող երկու տարիների ընթացքում, կարեւոր նշանակութիւն տալով թեմապատկան հին եւ խարխուլ, բայց եւ ճարտարապետական առումով հնաոճ ու իւրայատուկ արժէք ունեցող շէնքերի օպտիմալացման խնդրին, շինարարական հսկայական աշխատանքներ է իրականացրել՝ դրանց արդիւնաւէտութիւնը բարձրացնելու եւ փլուզման վտանգը կանխելու ուղղութեամբ, որոնց աշխատանքի մեկնարկի եւ ընթացքի մասին ժամանակին հարկ եղած տեղեկատւութիւնը կատարւել է ժողովրդին:
Անցնող տարւայ վերջին ամիսներին իրենց աւարտին են հասել այդ ծրագրի շրջագծում իրականացւող եւս երեք նախագծեր.
Աշխատատեղի-արհեստանոցներ համայնքի կանանց համար
Աւարտւել է Նոր Ջուղայի Մէյդան թաղամասի Ղառէ Չոմաղ փողոցում գտնւող համար 39 բնակարանի վերանորոգումը եւ արդիւնքում այն վերածւել է թւով հինգ աշխատանոց-արհեստանոցների, որոնք բոլորը մատչելի պայմաններով վարձակալութեան են յանձնւելու թեմիս ձեռներեց (کار آفرین) հայ կանանց ու աղջիկներին:
Այս աշխատանոցների վարձակալների ընտրութեան համար յայտարարութեամբ մարտ ամսին ընդունւել են դիմումներ՝ ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան ոլորտներում աշխատող կանանցից: Ստացւած դիմումներն ուսումնասիրւում են թեմի Կալւածա-տնտեսական մարմնի միջոցով:
Նոր կենտրոնատեղի՝ Փերիոյ Կրթասիրաց միութեան եւ Հայ Ուսումնասիրաց Չհարմահալ միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի համար
Ի հետեւումն մի քանի ամիս առաջ երկու միութիւնների վարչական կազմերի հետ խորհրդակցական հանդիպումների, իսկ յետագային նաեւ պաշտօնական նամակագրութիւնների, Թեմական խորհուրդը ինչպէս խոստացել էր, ձեռնարկեց համայնքի այդ միութիւնների կենտրոնատեղիի համար թեմապատկան կալւածներից մէկի՝ Չհարսու թաղամասի Ղարագել փողոցում գտնւող շէնքի հիմնական վերանորոգումը եւ բարեկարգումը։
Նոր վայրում վերոնշեալ միութիւնների համար նկատի են առնւել առանձին գրասենեակներ, սրահներ եւ այլ յարմարութիւններ։
Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարանի հիմնադրում
Իրանկան 1399 թւականի վերջին օրերին աւարտւեցին նաեւ Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարանի հիմնադրման հետ կապւած բոլոր աշխատանքները եւ թանգարանի դռներն այցելուների առջեւ բացւեցին մարտի 22-ին: Վերոնշեալ թանգարանը գտնւում է Նոր Ջուղայի Քոչեր թաղամասում. այս շինութիւնը գնւել է 1958 թւականին բարերար Եղիսաբեթ Աբրահամեանի միջոցով իր ամուսնու Արամ Աբրահամեանի յիշատակին՝ գիշերօթիկ հիմնադրելու նպատակով: 2004 թւականից, բարեբախտաբար, անխնամակալ մանուկ-պատանիներ չլինելու պատճառով, շէնքը օգտագործւել է որպէս Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» եւ «Տաթեւ» երգչախմբերի փորձերի վայր եւ երաժշտական դպրոց, իսկ 2019-ից, Թեմական խորհուրդը շինութիւնների օպտիմալացման իր ծրագրի շրջագծում, սկսում է այս հինաւուրց շէնքի վերանորոգման աշխատանքները, այն վերածելով երաժշտական թանգարանի՝ հայկական երաժշտութիւնն ու իրանահայ երաժիշտներին առաւել ծանօթացնելու նպատակով: Հարկ է նշել, որ յատուկ դասաւորութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի երկու երգչախմբերը նախկինի նման նշւած տարածքում ունեն իրենց փորձերի սրահը եւ գրասենեակը:
Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդ