Կազմակերպիչների շուրջ մէկ եւ կէս տարի տքնաջան աշխատանքից յետոյ, 2021 թւականի մարտի 22-ից այցելուների առջեւ իր դռները բացեց Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարանը:
Իսկ նոյն օրը մինչեւ այցելուներ ընդունելը թանգարանի օրհնութեան կարգը կատարւեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ, որից յետոյ թեմի Պատգամաւորական ժողովի Դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների, ինչպէս նաեւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները, թանգարանի յանձնախմբի անձնակազմի ուղեկցութեամբ, ծանօթացան տեղի զանազան բաժիններին:
Յատկանշական է, որ Երաժշտական թանգարանի պաշտօնական բացումը կը կատարւի յետագային, իսկ առայժմս ամենօրեայ կարգով առաւօտեան ժամը 9-ից մինչեւ երեկոյեան 6–ը ընդունւելու են այցելուներ:
Երաժշտութեան թեմայով թանգարան հիմնադրելու որոշումը կայացւել է 2019 թւականի նոյեմբերին, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի միջոցով, հայկական երաժշտութիւնն ու իրանահայ երաժիշտներին առաւել ծանօթացնելու նպատակով: Որպէս թանգարանի վայր նկատի է առնւել Նոր Ջուղայի Քոչեր թաղամասում գտնւող նախկին ազգային գիշերօթիկի շէնքը, որը գնւել է 1958 թւականին բարերար Եղիսաբեթ Աբրահամեանի միջոցով, իր ամուսնու՝ Արամ Աբրահամեանի յիշատակին՝ անխնամակալ երեխաների համար գիշերօթիկ հիմնադրելու նպատակով: 2004 թւականին անխնամակալ մանուկ-պատանիներ չլինելու պատճառով դադարեցւել է կենտրոնի աշխատանքը, որից յետոյ ազգային իշխանութեան միջոցով վայրը վերածւել է երաժշտական դպրոցի, ինչպէս նաեւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» եւ «Տաթեւ» երգչախմբերի փորձերի վայրի:
Այս մասնագիտական թանգարանում, որը պարսկերէնով անւանւել է «گنجینه ی موسیقی ارمنیان جلفای نو», իւրօրինակ նմուշներով, վաւերագրական տւեալներով եւ լուսանկարներով, ոչ միայն արտացոլւել է երաժշտութեան դերը հայկական մշակոյթի եւ հոգեւոր կեանքում, այլեւ ներկայացւել են Իրանի երաժշտութեան պատմութեան մէջ իրենց առանցքային դերակատարութիւնն ունեցած հայ արւեստագէտները՝ սկսած աշուղական երաժիշտներից մինչեւ ժամանակակիցը, կոմպոզիտորները, նւագարանագործները եւ այլն:
Այս վայրում նախատեսւել են զանազան բաժիններ հետեւեալ անւանումներով՝ «Եկեղեցական ղօղաջներ», «Աշուղական խաղեր», «Երաժշտական ռիթմ եւ հեւք», «Նւագարանագործութեան արհեստանոց», «Իրանական երաժշտութեան աստղաբոյլ», «Գրադարան-ձայնադարան» եւ «Կենդանի կատարումների սրահ»:
Թղթակից (Նոր Ջուղա)