Յունւարի 6-ի առաւօտեան, Ս. Ծննդեան տօնի առիթով դռնփակ կերպով եպիսկոպոսական Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի:

Ներկայ էր թեմի եկեղեցական դասը, իսկ ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամները, որոնք դարձեալ առողջապահական նկատառումներից ելնելով սակաւաթիւ էին:

Պատարագի աւարտին Սրբազան Հայրը կատարեց Ջրօրհնէքի կարգը, որից յետոյ նա իր սրտի խօսքը փոխանցեց բոլորին: Խօսքում գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն անդրադառնալով 2020 թւականին հայ ժողովրդի կրած կորուստներին, ինչպէս նաեւ ստացած մեծ վշտին, մաղթեց, որ Քրիստոսի մկրտութեան խորհուրդով եւ Սուրբ Հոգու ներգործումով, Ջրօրհնէքի այս ջուրը դառնայ ոչ միայն մխիթարութեան աղբիւր նահատակների եւ զոհւածների ընտանիքների, իսկ դեղ ու դարման բոլոր վիրաւորների ու հաշմանդամների վէրքերն ամոքելու համար, այլ նաեւ հեղեղ դառնալով՝ ճանապարհ բացի թէ՛ անյայտ կորածների տուն վերադարձի եւ թէ՛ հայ ազգին դէպի փայլուն ու յուսադրող ապագայ առաջնորդելու համար:


Թղթակից (Նոր Ջուղա)