Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի կոչին՝ կիրակի՝ 2020 թւականի հոկտեմբերի 4-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի, եկեղեցական յատուկ արարողութիւն տեղի ունեցաւ Հայաստանում եւ Արցախում խաղաղութեան վերահաստատման, իսկ յաջորդիւ հոգեհանգստեան կարգ՝ Արցախեան հակամարտութիւններում նահատակւած հայոց բանակի քաջարի մարտիկների, ինչպէս նաեւ զոհւած խաղաղ բնակչութեան հոգիների խաղաղութեան համար:
Աւարտին Սրբազան Հայրն, իր, թեմիս ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ցաւակցական խօսք ուղղեց զոհւածների ընտանիքներին, ապա ցանկացաւ, որ ինչքան շուտ խաղաղութիւն հաստատւի Հայաստանում եւ Արցախում:
Համաճարակի պատճառով արարողութիւններին ներկայ էին միայն Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը եւ թեմի ազգային մարմինների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները:
Թղթակից (Նոր Ջուղա)