Օրեր առաջ, սեպտեմբերի 20-ին, Իրանի զինւած ուժերի ընդհանուր շտաբի անյայտ կորածների որոնման կոմիտէի հրամանատար Սէյեդ Մոհամմադ Բաղերզադէն տեղեկութիւն հաղորդեց, որ ԴՆԹ թեստերի արդիւնքում յաջողւել է գտնել 33 տարի առաջ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած նորջուղայեցի Հրաչ Յակոբեանի դին, ով մինչեւ այդ համարւում էր պատերազմի անյայտ կորած:

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ի երեկոյեան, Զահեդան քաղաքի ժողովուրդը հրաժեշտ է տւել այս քաջարի մարտիկին՝ Նոր Ջուղա ճանապարհելու համար: Նրա ծնողների ցանկութեամբ աճիւններն ընդ միշտ հանգիստ են առնելու իր ծննդավայրի հայոց ազգային գերեզմանատանը, ուրբաթ՝ հոկտեմբերի 2-ի առաւօտեան:

Հարկ է նշել, որ Հրաչ Յակոբեանը նահատակւել է 1987 թւականի (իրանական 1366 թ.) ապրիլի 9-ին, Ղասրէ Շիրինի մօտակայքում ընկած Բաբա Հադի բարձունքների ազատագրման նպատակով իրականացրած «Քարբալա 9» ռազմական գործողութեան ընթացքում: Նրա դին գտնւել է 2012 թւականին նոյն բարձրունքների վրայ իրականացրած որոնման աշխատանքների արդիւնքում, սակայն դիակի ինքնութեան պարզ չլինելու պատճառով, այն որպէս անյայտ նահատակ 2013 թւականին ամփոփւել էր Զահեդան քաղաքի Ազատ համալսարանի շրջափակում:


Թղթակից (Նոր Ջուղա)