Ուրբաթ եւ շաբաթ՝ սեպտեմբերի 25 եւ 26-ին, Նոր Ջուղայի «Ս. Գէորգ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ու մասնակցութեամբ եկեղեցական դասի, Ս. Գէորգ զօրավարի եւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ տեղի ունեցան երկօրեայ արարողութիւններ:
Առողջապահական նկատառումներից ելնելով նշւած եկեղեցական կարգերը մատուցւեցին դռնփակ:
Այս առիթով ուրբաթ՝ առաւօտեան ժամը 10:00-ին, տեղի ունեցաւ աղօրհնէքի արարողութիւն, իսկ երեկոյեան ժամը 6:00-ին՝ հսկումի ժամերգութիւն:
Նշելի է, որ նոյն օրը տեղի ունեցաւ նաեւ ոչխարների զենում, որից յետոյ սկիզբ առան հարիսայի պատրաստման աշխատանքները:
Շաբաթ առաւօտեան, ձեռամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:
Այնուհետեւ Սրբազան Հայրը եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ դուրս եկաւ եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց պատրաստւած հարիսան:
Վերջում գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր շնորհակալական խօսքն ուղղեց նշւած արարողութիւնների իրականացման գործում դերակատար ազգային մարմիններին ու անհատներին:
Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան կազմակերպութեամբ, արարողութիւնների աւարտին, տիրացուների միջոցով օրհնւած հարիսան բաժանւեց Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ ընտանիքներին:
Հարկ է նշել, որ ուրբաթ երեկոյեան, հսկումի ժամերգութիւնից յետոյ, ժողովուրդն առիթ ունեցաւ առողջապահական բոլոր կանոնները յարգելով մոմավառութեան համար այցելել «Ս. Գէորգ» եկեղեցի: Տօնի առիթով ուխտաւոր հաւատացեալները կատարեցին իրենց նւիրատւութիւնները:
Թղթակից (Նոր Ջուղա)