Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան կազմակերպութեամբ եւ Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի եւ Հայաստանի «Մեսրոպ Մաշտոցի» անւան մատենադարանի համագործակցութեամբ, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ Վանքի «Յովսէփ Արեմաթացի» եկեղեցու հիմնադրման 350-ամեակի առթիւ «Նոր Ջուղայի օրեր» մշակութային միջոցառումների մեկնարկը տրւեց ուրբաթ՝ 23 Մայիսի 2014 թւականի ժամը 14:00-ին, մատենադարանում:
Նոր Ջուղայի ձեռագիր մատեաններին նւիրւած ցուցահանդէսի բացման արարողութեան ընթացքում նախ մատենադարանի տնօրէն Սէն Արեւշատեանը ողջունելով ներկաներին, այս մատեանները համարեց եզակի գանձեր եւ իր ուրախութիւնը յայտնեց, առ այն որ այս ձեռագրերի մի մասը պահպանւում են Հայաստանում: Այնուհետեւ Սփիւռքի նախարար՝ Հրանուշ Յակոբեանը իր գնահատանքի խօսքը ուղղեց Նոր Ջուղայի հայահոծ հայ համայնքի անդամներին մշակութային այս արժէքները ստեղծելու եւ պահպանելու համար եւ շեշտեց այդ արժէքների համազգային եւ համաշխարհային նշանակութիւն ունենալու խնդրին:
Ելոյթների շարունակութեան մէջ արտայայտւեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Նա անդրադարձաւ Իրանում փոքրամասնութիւններին տրւած լայն լիազօրութիւններին, որոնց շնորհիւ ստեղծւում են մշակութային նման արժէքները: Ապա Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդ Տէր Բաբգէն Եպս. Չարեանը իր շնորհակալութիւնը յայտնեց ՀՀ Սփիւռքի նախարարութեանը այս ծրագրի իրագործման համար, եւ դրական գնահատեց նման միջոցառումների կազմակերպումը թեմերը ճանաչեցնելու ուղղութեամբ: Պրոֆ. Գէորգ Տէր Վարդանեանն ընդհանուր տեղեկութիւններ փոխանցեց մատենադարանում պահւող Նոր Ջուղայի ձեռագրերի կապակցութեամբ եւ յոյս յայտնեց, որ հարստանալու է մատենադարանի հին ձեռագրերի գլխաւոր պահոցը:
Ցուցահանդէսի բացումից յետոյ, տեղի ունեցաւ գիտաժողով նւիրւած իրանահայութեան կեանքում Ն. Ջ. Ս. Ամենափրկիչ Վանքի եկեղեցու դերին, որի ընթացքում ներկայացւեցին հետեւեալ զեկոյցները՝
Իրանի մշակութային եւ տնտեսական կեանքում իրանահայերի թողած մեծ աւանդը՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսի:
ԻՒՆԵՍԿՕ-ում Ս. Ա. Վանքի գրանցման գործընթացը՝ Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն Շերլի Աւետեան:
Ս. Ա. Վանքի եկեղեցու որմնանկարներն ու զարդանախշերը եւ դրանց վերանորոգումը՝ որմանկարների վերանորոգող Անի Բաբայեան:
Սեֆեւեան շրջանում հայ եկեղեցու իրաւունքների պահպանման ուղղութեամբ Խոջաների եւ ազդեցիկ հայերի դերակատարութիւնը՝ Մատենադարանի աւագ գիտաշխատող Քրիստինէ Կոստիկեան:
Նոր Ջուղայի եւ խոջայական ապարանքների մանրանկարչութիւնը՝ Իրանական մշակոյթի գծով փորձագէտ Աւօ Յովհաննիսեան:
Նոր Ջուղայի դերը եւ համազգային նշանակութիւնը կրթութեան, գիտութեան, արւեստի եւ քաղաքակրթութեան զարգացման գործում՝ ԻԻՀ-ում ՀՀ-ի առաջին դեսպան եւ իրանագիտութեան ռահվիրաներից՝ Վահան Բայբուրդեան:
Գիտաժողովի աւարտին մատենադարանի փոխ-տնօրէն Շուշանիկ Խաչիկեանը յոյս յայտնեց, որ կրկին շարունակւելու են նմանօրինակ միջոցառումները եւ առիթ է ստեղծւելու աւելիով ծանօթանալու մեր փառահեղ անցեալին: