Սրտի մեծ ցաւով իմացանք, որ յետ կարճատեւ հիւանդութեան, մահացել է Իրանահայ ականաւոր ու վաստակաշատ անձնաւորութիւններից ազգային-հասարակական գործիչ, բարերար ու գործարար պրն. Լեւոն Ահարոնեանը:
1980-ական թւականներից անձնւիրաբար Թեհրանի Հայոց Թեմի Ազգային Իշխանութեան բարձրագոյն ժողովներին ծառայած այս անդամը, համայնքի կազմակերպման ու առկայ խնդիրների լուծման իր մեծ դերակատարութեամբ, արժանացել է ոչ միայն տեղւոյն, այլեւ քոյր թեմերի հայրենակիցների ու տեղացիների սիրոյն եւ յարգանքին: Նա Իրան-Հայաստան երթուդարձի ճանապարհը բառացիօրէն հարթելուց յետոյ, առանցքային դերակատարութիւն է ունեցել Իրան-Հայաստան առեւտրատնտեսական յարաբերութիւնների ու համագործակցութեան շրջագծում՝ հիմնելով առեւտրի պալատը:
Սփիւռքեան ծանր ու դժւար պայմաններում, հայապահպանման առաքելութեանը ծառայող այս նւիրեաը Թեհրանում իր կառուցած «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզի, բայց մանաւանդ Հայաստանի Հանրապետութիւնում «Հայ Դպրոց» հիմնադրամի միջոցով, որպէս իսկական առաքինութիւն, կարողացել է յոյս ներշնչել մատղաշ ու նորահաս սերունդների ներաշխարհի մէջ:
Արդ, յանուն Սպահանի Հայոց Թեմի Եկեղեցականաց Դասի, Պատգամաւորական Ժողովի Դիւանի, Կրօնական ու Թեմական Խորհուրդների եւ մեր ողջ ժողովրդի, մեր սրտագին վշտակցութիւնն ու ցաւակցութիւնն ենք յայտնում պրն. Լեւոն Ահարոնեանի հարազատներին, եւ զուգահեռ աղօթում ենք առ բարձրեալն Աստւած, որ խաղաղութեամբ հանգչեցնի ննջեցեալի հոգին՝ մխիթարութիւն պարգեւելով նրա բոլոր սգակիր պարագաներին:
ԴՇ, 2 Սեպտեմբերի, 2020 թ.
Սիփան Եպս. Քէչէճեան
Առաջնորդ Սպահանի Հայոց Թեմի