Կիրակի՝ 2020 թւականի յուլիսի 26-ի առաւօտեան ժամը 8:00-ին, Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի, դռնփակ կերպով հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ՝ ի յիշատակ վերջին երկու շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական հիւսիս-արեւելեան սահմանի՝ Հայաստանի Հանրապետութեան Տաւուշի մարզի ուղղութեամբ ադրբեջանական բանակի ռազմական սադրիչ գործողութիւնների արդիւնքում զոհւած 5 հայ զինւորների:
Արարողութեան աւարտին թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրն աղօթելով նշւած զոհւածների հոգիների խաղաղութեան համար, իր սրտի կսկիծը յայտնեց այս կապակցութեամբ եւ իր, թեմի եկեղեցականաց դասի, ժողովականութեան ու ժողովրդի անունից ցաւակցական խօսք ուղղեց նրանց հարազատներին:
Թղթակից (Նոր Ջուղա)