Ուրբաթ առաւօտեան, 2020 թւականի յուլիսի 10-ին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Վատիկանի դեսպան Լէօ Բուկարդին, Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի խօսնակ Սէյէդ Աբբաս Մուսաւին, Սպահանում Արտաքին գործերի նախարարութեան գրասենեակի ղեկավար Ալիրեզա Սալարեանը եւ նրանց ուղեկցող պատւիրակութիւնը այցելեցին Ս. Ա. Վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի, «Նոր Ջուղայի Հայոց Ազգագրական թանգարան», «Խաչատուր վրդ. Կեսարացի» անւան թանգարան, այնուհետեւ Ս. Ա. Վանքի Ծաղկեայ դահլիճում, հանդիպում ունեցան ՍՀԹ թեմակալ առաջնորդ Տէր Սիփան եպս. Քէչէճեանի, ՍՀԹ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ՝ Նորայր Թումանեանի, Սոնիկ Բաղումեանի, Վահէ Շահիջանեանի եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանի հետ:
Սրբազան Հայրն բարիգալստեան խօսք ուղղելով ներկաներին, մեծ պատիւ համարեց Ս. Ա. Վանքում հիւրընկալելու Հռոմի Պապի ներկայացուցիչ՝ Վատիկանի դեսպանին, ինչպէս նաեւ Իրանի արտգործնախարարի մամուլի խօսնակին եւ նախարարութեան ներկայացուցիչներին:
Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց միջազգային կազմակերպութիւններում դեսպանի ծաւալած գործունէութիւնը՝ Իրանի եւ այլ երկրների միջեւ յարաբերութիւնների ընդլայնման ու ամրապնդման, ինչպէս նաեւ տարածաշրջանում կայունութեան հաստատման եւ խնդիրների խաղաղ լուծման ուղղութեամբ: Նա անդրադարձաւ նաեւ արտգործնախարարի մամուլի խօսնակի դիւանագիտական աշխատանքներին, որոնք դիպուկ կերպով անդրադառնում են Իրանի դէմ կիրառւած պատժամիջոցներին, յոյս յայտնելով, որ աշխարհում հնարաւորինս շուտ կը վերականգնւի խաղաղութիւնը:
Իր արտայայտութիւնների շարունակութեան մէջ Սրբազան հայրը դեսպանին խնդրեց Թեմիս երախտագիտութիւնը փոխանցել Հռոմի Պապին՝ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու եւ այդ առթիւ Վատիկանի Մայր Տաճարում յատուկ պատարագ մատուցելու համար: Անդրադառնալով Իրանում հայերի դարաւոր ներկայութեանը, Սրբազան Հայրն իր շնորհակալութիւնը յայտնեց Իրանի կառավարութեանն ու ժողովրդին՝ հայերի երկրի տարբեր ասպարէզներում մասնակցութիւն ունենալու հնարաւորութեան, Իսլամական խորհրդարանում երկու պատգամաւոր ունենալու եւ կրօնական ու մշակութային ազատութեան համար:
Վատիկանի դեսպանը՝ Լէօ Բուկարդին, շնորհակալութիւն յայտնեց Սրբազան հօրն իր արտայայտութիւնների համար: Նա անդրադառնալով քրիստոնեայ հայերի 450-ամեայ ներկայութեանը այստեղ՝ ասաց. «Իրանի ժողովուրդը գրկաբաց ընդունել է հայերին եւ նրանց ազատութիւն է տւել հաւատքի ու մշակոյթի եւ ազգային ինքնութեան պահպանման գործում: Ես պատիւ եմ ունեցել շփւել հայերի հետ եւ ծանօթանալ նրանց արւեստին, մշակոյթին ու պատմութեանը, ինչը մեծ ուրախութիւն է ինձ համար»:
Արտաքին գործերի նախարարի մամուլի խօսնակ Սէյէդ Աբբաս Մուսաւին նոյնպէս գոհունակութիւն յայտնեց այս հանդիպմանը ներկայ լինելու կապակցութեամբ եւ նշեց. «Գեղեցիկ Իրանն աւելի գեղեցիկ է դարձել էթնիկ եւ կրօնական բազմազանութեամբ»: Նա շարունակեց, որ Իրանում մահմեդականները, քրիստոնեաները, հրեաները եւ զրադաշտները ապրում են խաղաղութեան եւ եղբայրութեան մէջ, եւ նրանց ոչ մի սահման չի բաժանում միմեանցից:
Հանդիպման աւարտին յուշանւէրներ յանձնւեցին հիւրերին:
Նոյն օրը երեկոյեան՝ դեսպանի եւ նրան ուղեկցող պատւիրակութեան հրաւէրով, Թեմիս Առաջանորդը եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները ներկայ գտնւեցին «Ասեմանե հիւրանոցի նիստերի դահլիճում կազմակերպւած «Քաղաքական հեգնանք. Կեղծ ժողովրդավարութեան աւարտըե գրքի շնորհանդէսին, որին ներկայ էին նաեւ Արտաքին գործերի նախարարութեան բարձրաստիճան դիւանագէտները եւ Վատիկանի դեսպանը Իրանում:
Սոյն խումբը այցելել է նաեւ Ս. Բեթղեհեմ եկեղեցի, հինգշաբթի՝ 2020 թւականի յուլիսի 9-ին: