Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակի ոգեկոչման յանձնախմբի համացանցային ծրագրերի շարանում, երկուշաբթի՝ ապրիլի 20-ի երեկոյեան ժամը 8:00-ին, նշւած յանձնախմբի ինստագրամի «armeniangenocide_nj» էջով հեռարձակւող ուղիղ միացմամբ (live), իր պատգամը փոխանցեց Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը:

Պրն. Օհանեանը նշելով, որ հայ ժողովրդի պատմութեան ամենադժւարին եւ մութ էջը 1915-ի Ցեղասպանութիւնն է եւ որ աշխարհասփիւռ հայութիւնը շուրջ կէս դար Ցեղասպանութիւնը ոգեկոչել է կսկիծով ու արցունքով, ընդգծեց. «Հայ ժողովուրդը  տեսնելով, որ մարդկութեան բթացած գութը չի նկատում իր վիշտը, փոփոխութեան ենթարկեց ոգեկոչման ընթացքը եւ լացը վերածեց պահանջատիրութեան. պահանջատիրութիւն, որի արգասիքը եղաւ զանազան ազգերի ու պետութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը»:

Նա իր խօսքի շարունակութեան մէջ շեշտեց, որ համաճարակի նկատառումներով, ոչ թէ պէտք է չեղարկենք ոգեկոչման ծրագրերը, այլ պէտք է մեզ համապատասխանեցնելով ստեղծւած պայմաններին, յարմար միջոցառումներ կազմակերպենք այս առիթով: Թաթուլ Օհանեանը կոչ արեց՝ ապրիլ 23-ի երեկոյեան, լուսամուտներին ու պատշգամբներին մոմ վառելով, միահամուռ կերպով մասնակցել միասնական մոմավառութեանը:

 

Թղթակից (Նոր Ջուղա)