Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարագ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2020 թւականի յունւարի 31-ի առաւօտեան, հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական սրահում տեղի ունեցաւ ամենամեայ գրքի ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը՝ նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150 եւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 41- ամեակներին:
Մինչեւ ցուցահանդէսի բացման արարողութիւնը, ներկաները համախմբւեցին «Ալենուշ Տէրեան» դահլիճում, ուր գողտրիկ միջոցառմամբ կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի անւամբ:
Անւանակոչութեան միջոցառման առաջին բաժնում աշակերտների միջոցով իրականացւեց գեղարւեստական յայտագրով ծրագիր հետեւեալ կարգով.
Տարրական դպրոցից «Լուսաւորչի կանթեղը» ասմունքեց Սերինէ Յակոբեանը, իսկ դաշնամուրի մենակատարմամբ ելոյթ ունեցաւ Էմիլի Պօղոսեանը:
Միջնակարգ դպրոցից օրւայ խօսքն ընթերցեց Վանա Յակոբ Չաքրեանը՝ Սելին Բաղրամեանի դաշնամուրի նւագակցութեամբ: «Սասունցի Դաւիթը» դիւցազնապօէմից հատւած ներկայացրին՝ Արփինէ Մովսիսեանը, Սելին Բաղրամեանը, Ադրիան Մինաս-Խաչիկեանը եւ Արթուր Քամարզարեանը՝ Էրւին Յովսէփեանի դհոլի նւագակցութեամբ: Կոմիտասի «Քելէ-քելէ» եւ «Կաքաւի գովքը» մեներգեց Նարինէ Խուդաբախշեանը, իսկ Էմիլի Նաւասարդեանի դաշնամուրի ընկերակցութեամբ «Շունն ու կատուն» բալատը կատարեց Արթուր Քամարզարեանը:
Ծրագրի երկրորդ բաժնում «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի փոխ-տեսուչ Ռիմա Սիմոնեանն իր ելոյթում նշեց. «Թումանեանը մեր ամբողջ կեանքի ընթացքում եղաւ եւ լինելու է մեզ հետ: Իր հրաշալի հեքիաթներով ու պատմւածքներով նա երազային դարձրեց մեր մանկութիւնը. իր անզուգական բալատներով ու պօէմաներով գունագեղ դարձրեց մեր պատանեկութիւնն ու երիտասարդութիւնը եւ իր խոհափիլիսոփայական քառեակներով եկաւ իմաստաւորելու եւ սփոփելու մեր կեանքի մայրամուտը»: Տկն. Սիմոնեանը ընդգծեց՝ քանի որ 2019 թւականին լրացաւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակը, զոյգ դպրոցների տնօրինութիւնների առաջարկով եւ թեմի Կրթական խորհրդի հաստատմամբ, որոշւեց կրթահամալիրի գրադարանն անւանակոչել հանճար բանաստեղծի անւամբ: Նա վերջում շնորհակալական խօսք ուղղեց համայնքի չորս գրադարանների գրադարանավարուհիներին՝ իրենց ջերմեռանդ աշխատանքով համայնքի ժողովրդին առաւել ընթերցասէր դարձնելու համար:
Այնուհետեւ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ գրադարանի ցուցատախտակը յանձնւեց կրթահամալիրի գրադարանավարուհիներ Այիդա Ալեքսանդրեանին եւ Կարին Տէր-Մարտիրոսեանին, որից յետոյ Սրբազան Հայրն իր հայրական պատգամն ուղղեց ներկաներին: Նա իր ուրախութիւնը յայտնելով գովելի իրադարձութեան համար եւ իր հիացումը արտայայտելով աշակերտական ելոյթների կապակցութեամբ, աւելացրեց, թէ Թումանեանի «Սասունցի Դաւիթը» դիւցազնավէպում ներկայացւած հերոսի կերպարը իւրաքանչիւր հայի հոգու խորքում թաքնւած ըմբոստ եւ պահանջատէր մարդու տեսակն է, ով ոչինչ չի զիջում եւ երբեք չի յանձնւում: Թեմակալ առաջնորդը շեշտելով, որ Յովհաննէս Թումանեանի նման հանճարները մեր հոգիների կերտողներն են՝ շնորհաւորանքի խօսք ուղղեց այս գովելի նախաձեռնութեան առթիւ:
Սրբազան Հօր խօսքից յետոյ ցուցանակը տեղադրւեց գրադարանի մուտքի մօտ:
Ցուցանակի ձեւաւորումը կատարւել է Վերգինէ Միրզախանեանի, իսկ պատրաստման գործն ի կատար է ածւել արւեստագէտ Վազրիկ Մելքոնեանի միջոցով:
Անւանակոչութեան միջոցառումը հաղորդավարեց աշակերտուհի Լիլիթ Գէորգեանը:
Այնուհետեւ բոլորը համախմբւեցին կրթահամալիրի կենտրոնական սրահի մուտքի մօտ, որտեղ թեմակալ առաջնորդի ձեռամբ յատւեց գրքի ցուցահանդէս-վաճառքի մուտքի ժապաւէնը:
Ցուցահանդէսում ներկայացւել էին զանազան թեմաներով հայերէն, պարսկերէն եւ անգլերէն գրքեր, մտային խաղեր եւ ուսուցողական սարքեր՝ բոլոր տարիքային խմբերի՝ ի մասնաւորի դպրոցականների համար: Գրքերի շարանում յատկապէս աչքի էր ընկնում Իրանում ՀՀ դեսպանատան հովանաւորութեամբ լոյս տեսած «Հայ բանաստեղծ եւ արձակագիր Յովհաննէս Թումանեան» խորագրով պարսկերէն հատընտիր-ժողովածուն, ուր տեղ են գտել մինչեւ օրս պարսկերէն լեզւի թարգմանւած Թումանեանի ստեղծագործութիւնները. գրքի կազմողներն են բանաստեղծ Վարանդն ու Ղաւամէդդին Ռազաւիզադէն:
Թղթակից (Նոր Ջուղա)