Հայոց Ցեղասպանութեան 99-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի կազմակերպած միջոցառումների շարանում երէկ՝ մայիսի 4-ի երեկոյեան ժամը 7:30-ին, հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում բազմաթիւ հրաւիրեալների ներկայութեամբ, տեղի ունեցաւ պարսիկ հայրենակիցների համար ամենամեայ կարգով անցկացւող ձեռնարկը, որին ներկայ էին Իրանի Իսլ. Խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ ճարտ. Ասարզադեգանը, Սպահանի Պետական համալսարանի Միջազգային յարաբերութիւնների բաժնի վարիչ դոկտ. Շահինը, համալսարանի դասախօս եւ հայկական մշակոյթի հարցերի գիտակ դոկտ. Հոջաթոլհաղէ Հոսէյնին եւ այլ պարսիկ հարւիրեալներ:
Ծրագրի բացումը կատարւեց օրւայ հաղորդավար՝ Մեղրի Ղուկասեանի միջոցով, այնուհետեւ բանախօսութեամբ հանդէս եկաւ դոկտ. Կարէն Խանլարեանը, ով պատմական փաստերով ներկայացրեց Օսմանական Թուրքիայի կողմից ծրագրւած եւ իրականացւած Հայոց Ցեղասպանութիւնը եւ նոյն երկրի հերթական կառավարութիւնների կողմից մինչեւ այսօր Ցեղասպանութեան իրողութիւնը ժխտող քաղաքականութիւնը, իսկ շարունակութեան մէջ կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի Իսլամական Հանրապետութեան ժամանակի պետական այրերի կողմից Հայոց Ցեղասպանութեան դատապարտման խնդրին: Միջոցառման ընթացքում արտայայտւեց նաեւ դոկտ. Հոջաթոլհաղէ Հոսէյնին, որը դատապարտելով 99 տարի առաջ Արեւմտահայաստանի հայութեան նկատմամբ կիրառւած ցեղասպանութիւնը, կոչ արեց համաշխարհային շարժում առաջացնել նման անմարդկային արարքների կանխարգիլման համար:
Երեկոյի գեղարւեստական բաժնում ներկայացւեց Դէյւիդ Խերդեանի “Օտարութեան ճամբայ” վէպից բաժիններ, որն իրագործւեց Ն. Ջ. Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան Մշակութային միաւորի “Կռունկ” համոյթի միջոցով, “Կոմիտաս” երգչախմբի խմբավար՝ Պրն. Արմէն Ամիրխանեանի համագործակցութեամբ:
Ծրագրում Կարին Տ. Մարտիրոսեանը, Լեռնիկ Ծատուրեանը, Մհեր Պօղոսեանը եւ Արթուր Բաղրամեանը հատւածներ ներկայացրին այս վէպից, որի ընթացքում Պրնյք. Համիկ Ալէքսանդրեանի եւ Արբի Բաբումեանի նւագակցութեամբ հնչեցին դաշնամուրային կտորներ, իսկ Սամանէ Նաֆէյիի միջոցով՝ ջութակի կատարումներ: Մեներգերով հանդէս եկան՝ Մհեր Պօղոսեանը, Թանիա Մինասեանը եւ Լեւիկ Խաչատրեանը, նաեւ կատարւեցին պարային հատւածներ:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան