Չորեքշաբթի՝ 2014 թւականի ապրիլի 23-ի կէսօրից յետոյ ժամը 5-ին, Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի գլխաւորութեամբ Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետից, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերից եւ անդամներից բաղկացած պատւիրակութիւնն այցելեց Սպահանի նահանգապետարան։ Հանդիպումը տեղի ունեցաւ նահանգապետարանի պաշտօնական ընդունելութիւնների «Աշրաֆի» սրահում։
Առաջնորդ Սրբազան Հայրը նահանգապետին շնորհաւորեց Նոռուզի, բանակի եւ կնոջ օրերի կապակցութեամբ եւ իր մտածումները փոխանցեց այդ ուղղութեամբ։ Գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը խօսելով բնութեան նորացման եւ գարնանային վերազարթօնքի մասին, այն մարդու հոգու եւ մտքի վերանորոգման եւ առ Աստւած դարձի ու առաւել մերձեցման լաւագոյն առիթը համարեց եւ յիշեցրեց, որ մեր եկեղեցու տօնական օրերի արարողութիւնների ընթացքում, որոնք այս տարի զուգադիպել էին Նոռուզի օրերին, երկրի բոլոր պատասխանատուների համար աղօթք է մատուցւել բարձրեալն Աստծուն։ Առիթը պատեհ համարելով, առաջնորդ Սրբազան Հայրը յատուկ շնորհաւորանք ուղղեց երկրի հզօրութեան, ամբողջականութեան եւ ապահովութեան ճանապարհին նւիրւածութեամբ ծառայող բանակայինների օրւայ կապակցութեամբ, նաեւ շնորհաւորեց իրանական կնոջ օրւայ առթիւ, մեծարելով բոլոր այն մայրերին՝ ովքեր դաստիարակում են այնպիսի գիտակից սերունդ, որը պատրաստ է ամբողջական անձնազոհութեամբ եւ սխրանքով երկրի սահմանների անձեռնմխելիութեան եւ իրանեան ժողովրդի անվտանգութեան համար նոյնիսկ իր կեանքն ընծայաբերել։
Ապրիլեան Մեծ եղեռնի տարելիցի ոգեկոչման օրերում գտնւելով, թեմակալ առաջնորդն անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան խնդրին եւ Թուրքիայի կառավարութեան ժխտողական ու հայատեաց քաղաքականութեանը, որը շարունակւում եւ այսօր իր դրսեւորւումն է ունենում Սիրիայի հայաբնակ շրջաններում, յատկապէս քեսաբահայութեան դէմ գործադրւած բռնութիւններում։
Սպահանի նահանգապետ պրն. Ռասուլ Զառգառփուռը յիշեցնելով, որ իր պաշտօնավարութեան եօթ ամիսների ընթացքում սա երրորդ հանդիպումն է իր եւ ազգային առաջնորդարանի պատասխանատուների միջեւ, այդ երեւոյթը համարեց համագործակցութեան եւ սերտ յարաբերութեան փաստ ու վկայութիւն, որը մեծապէս գնահատելի է եւ ցանկալի։ Նա շնորհակալութիւն յայտնելով շնորհաւորանքների համար շեշտեց, որ Իրանն իր բոլոր հնարաւորութիւններով ու պետական համակարգով միշտ իր զօրակցութիւնն է ցուցաբերել արդար իրաւունքների պաշտպանութեան եւ բռնութիւնների դէմ գործողութիւններում։
Անդրադառնալով նախկին տարիներում Երեւան կատարած իր այցերին, Սպահանի նահանգապետը յայտնեց, որ Երեւանում այցելել է հայոց զոհերի թանգարան, որտեղ լաւագոյնս պատկերւել են 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան ընթացքում հայերի համար պատահած դէպքերը եւ ներկայացւել են հազւադէպ ու փաստացի վկայագրեր:
Ցաւ յայտնելով սիրիահայերի, նրանց տների ու եկեղեցիների դէմ կատարւած յարձակումների կապակցութեամբ, Ռասուլ Զառգառփուռն ասաց. «Չի կարելի յարգել այն մարդկանց, որոնց համար կարեւոր չեն աստւածային կրօններն ու մարդկային արժէքները»: