Կիրակի՝ 2014 թւականի ապրիլի 13-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու, Ս. Աստւածածին եւ Ս. Մինաս եկեղեցիներում մատուցւեց սուրբ եւ անմահ Պատարագ ու տօնւեց մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի յիշատակը: Պատարագիչ քահանայ հայրերը Ս. Պատարագից առաջ օրհնեցին ուռենու եւ ձիթենու ճիւղերը, որոնք պատրաստւել եւ զարդարւել էին եկեղեցիների Տիկնանց յանձնախմբերի միջոցով: Օրհնւած ճիւղերը արարողութիւնից յետոյ բաժանւեցին ներկայ հաւատացեալներին:
Ս. Մինաս եկեղեցում մատուցւող Ս. Պատարագին նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը: Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզի մէջ բացատրելով աւետարանական այն հատւածը, որտեղ ներկայացւում է Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ եւ ժողովրդի ու յատկապէս մանուկների դիմաւորումն ու օրհներգութիւնները, շեշտեց, որ Քրիստոսը խաղաղութիւն հաստատեց աշխարհի վրայ, որը նման չէ աշխարհի տւած խաղաղութեանը, այլ մնայուն է ու յաւիտենական եւ լցնում է մարդկանց ամբողջ հոգիներն ու մտքերը, ինչը, որ փնտրւում եւ խնդրւում է մարդկութեան կողմից: Գերշ. Սրբազան Հայրը Ծաղկազարդը նաեւ մանուկների տօն համարելով՝ յորդորեց հաւատացեալներին՝ մանուկների նման մաքուր եւ անմեղ սիրտ ու հոգի ունենալ, ինչը անհրաժեշտ է ապաշխարութեան շրջանը՝ Մեծ պահոց օրերը բարութեամբ աւարտելու եւ Քրիստոսի Ս. Յարութեան տօնը սրբութեամբ դիմաւորելու համար:
Ս. Պատարագի աւարտին, եկեղեցու շրջափակում, շարականի երգեցողութեամբ, տեղի ունեցաւ մանուկների թափօրի արարողութիւն, որին մասնակցեց ներկայ ժողովուրդը եւ կենտրոնանալով եկեղեցու բակում՝ Առաջնորդ Սրբազան Հօր միջոցով մանուկների օրհնութիւն տեղի ունեցաւ:
Նշենք, որ յատուկ կարգադրութեամբ, Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում մատուցւող Ս. Պատարագին ներկայ գտնւեցին Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի եւ «Արմէն» տարրական երկսեռ կրթահամալիրի առաջին եւ չորրորդ դասարանների աշակերտներն ու պատասխանատուները, ովքեր մասնակցեցին նաեւ թափօրի արարողութեանը: