2014 թւականի ապրիլի 6-ին, ոչ կառավարական (NGO) «Օմաթէ վահեդէ» կազմակերպութեան եւ Թեմական Խորհրդի համագործակցութեամբ, Ս. Ամենափրկչեան վանքում տեղի ունեցաւ Սիրիայի խաղաղութեան ուխտաւորների նախաձեռնութեամբ կազմակերպւած՝ «Կրօնների սրտակցութիւնը Սիրիայի խաղաղութեան համար» խորագրով համաժողովը:
Ս. Ա. Վանք ժամանած Սիրիայի խաղաղութեան ուխտաւորների պատւիրակութեանը մաս էին կազմում Աւստրալիայի «Վիկի լիկս» կուսակցութեան նախագահ Ջան Շիփթոնը, Աստրալիացի հոգեւորական Դէյվ Սմիթը, Սիրիայում Խաղաղութեան հաստատման գործընթացի ներկայացուցիչ քոյր Մարիամ Ագնեսը, եւ խաղաղութեան նոբելեան մրցանակակիր Մայրիդ Մըքվայերը։ Նրանց ընկերակցում էին Իրանի հոգեւորական եւ հասարակական-մշակութային բարձրաստիճան պաշտօնեաներ եւ գործիչներ։
Պատւիրակութեանը Ս. Ա. Վանքում դիմաւորեցին Իրանի իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բեգլարեանը, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերն ու ներկայացուցիչները։
Նախ Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցում արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանի միջոցով եւ «Կոմիտաս» երգչախմբի երգեցողութեամբ տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն՝ Սիրիայի ներքին պատերազմի ընթացքում զոհւածների հոգիների, ինչպէս նաեւ համայն աշխարհի խաղաղութեան համար։ Արարողութեան աւարտին պատւիրակութեան անդամ հոգեւորականները պարսկերէն, արաբերէն եւ անգլերէն լեզուներով աղօթեցին առ աստւած՝ աշխարհի խաղաղութեան եւ բռնութիւնների վերացման համար։
Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Ս. Ա. վանքի Ծաղկեայ դահլիճում տեղի ունեցաւ համագումարը, ներկայութեամբ Իրանի իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բեգլարեանի, ազգային մարմինների ներկայացուցիչների, այլ երկրներից ժամանած հիւրերի, իրանցիների եւ Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ ճրտգ. Ասառզադեգանի: Համագումարի ընթացքում ելոյթ ունեցան չորս անձինք։
Սկզբում արտայայտւեց պրն. Ռոբերտ Բեգլարեանը նշելով, որ հայերը որպէս ցեղասպանութեան զոհ, զգայուն լինելով գաղթականութեան ու հալածանքի նկատմամբ, Սիրիայի ներքին խռովութիւնների առաջին իսկ օրից դատապարտել են խաղաղ բնակչութեան դէմ բռնութիւններն ու արիւնահեղութիւնները։ Նա յայտնելով, որ Իրանի հայ համայնքը հարիւրամեակների ընթացքում աշխոյժ ներկայութիւն է ունեցել մշակութային, հասարակական, գիտական եւ տնտեսական ոլորտներում, ի՛նչը գնահատւել է Իրանի ժողովրդի կողմից, յաւելեց, որ Իրանում հայերն ապրել են խաղաղ համակեցութեան պայմաններում։ Պրն. Բեգլարեանը դիմելով Սիրիայի խաղաղութեան ուխտաւորներին, ասաց. «Յենւելով ժողովրդի ուժի վրայ, պէտք է փորձել ելքեր գտնել ստեղծւած կացութիւնից փրկւելու համար Սիրիայի ժողովրդի կողմից ընդունելի պայմաններով, առանց արտաքին ուժերի ու բռնակալների միջամտութեան եւ արիւնահեղութեան։ Ցաւօք մենք ականատես ենք, որ բռնակալները Թուրքիայի տարածքից թափանցում են Սիրիայի հայաբնակ շրջաններ եւ անտեսելով մարդկային արժէքները ոճիրներ են գործում: Մենք, Իրանի ժողովրդի հետ միասին, ցաւակցում ենք սիրիացիներին եւ դատապարտում այդպիսի ոճրագործութիւնները»։ Պրն. Ռոբերտ Բեգլարեանը բարձր գնահատեց պատւիրակութեան անդամների աշխատանքն ու նւիրումը եւ շնորհաւորեց նրանց՝ «Խաղաղութեան ուխտաւոր»-ի պատւարոր կոչումին արժանանալու համար։
Յաջորդ ելոյթով հանդէս եկաւ արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը, ով իր խօսքերի մէջ ողջունելով ուխտաւորների ներկայութիւնը 400-ամեայ Ս. Ամենափրկչեան վանքում, յայտնեց. «Ցաւօք Սիրիայում տեղի ունեցող դէպքերն ու ծայրահեղականների գործած ոճիրները խիստ բացասական ազդեցութիւն են թողել Սիրիայի ժողովրդի վրայ։ Այսօր աւերման է ենթարկւել Սիրիան, որը ժամանակին ապահովութեան, սիրոյ եւ խաղաղ համագոյակցութեան նախանձելի օրինակ էր հանդիսանում, եւ որտեղ զանազան կրօններին ու ազգերին պատկանող բնակիչներն ապրում էին կողք-կողքի՝ եղբայրաբար եւ համերաշխութեամբ»։ Արժն. Տէր Հայրը խօսքն ուղղելով պատւիրակութեան անդամներին, ողջունեց նրանց աստւածահաճոյ նախաձեռնութիւնը եւ յոյս յայտնեց, որ նրանց մարդասիրական ծառայութիւներն ու գաղափարներն ընկալւելու են ազատատենչ ժողովուրդների եւ բոլոր այն պետութիւնների կողմից, որոնք Սիրիային այսօրւայ իրավիճակին են մատնել:
Համագումարի շարունակութեան մէջ արտայայտւեցին նաեւ Սպահանում «Մահդի Մօուդ» հիմնարկութեան գրասենեակի պատասխանատու հոջաթօլէսլամ Վալիփուռը եւ Ասւտրալիացի հոգեւորական Դէյվ Սմիթը, ովքեր նոյնպէս դատապարտելով բռնութիւնները, մարդկային ազատութիւնն ու խաղաղութիւնը ոտնակոխող բոլոր արարքները, անհրաժեշտ համարեցին եղբայրասիրութեան եւ փոխադարձ յարգանքի տարածումը աշխարհում։
Համագումարի աւարտին մասնակիցներին ներկայացւեց հանդիպման համար պատրաստւած խաղաղութեան յուշապատկերը։
Վերջում, պատւիրակութեան անդամներն ու հիւրերը այցելեցին Ս. Ա. Վանքի «Խաչատուր Կեսարացի» անւան թանգարան։
Հարկ է նշել, որ սոյն պատւիրակութիւնը կազմւած է աշխարհի զանազան երկրների աշխարհահռչակ եւ խաղաղասէր հոգեւորականներից ու աշխարհականներից, որոնք Սիրիայում խաղաղութիւն հաստատելու նպատակով, քարոզարշաւներ են կազմակերպում զանազան երկրներում եւ Սիրիայի ներքին պատերազմի հետեւանքով գաղթական դարձած եւ տուժած սիրիացիների համար օգնութիւններ հաւաքում։