Շաբաթ՝ 2012 թւականի հոկտեմբերի 13-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց Տօնի առթիւ, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանքի Ս. Յովսէփ Արեմաթացու եկեղեցում, Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի նախագահութեամբ, հանդիսաւոր Ս. պատարագ մատուցւեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր հովիւ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ, որին մասնակցում էին՝ քահանայից ու դպրաց դասերը եւ Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ: Եկեղեցում Ս. Պատարագին ներկայացան Թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց դպրոցների աշակերտութիւնը՝ տեսչութիւնների, ուսուցիչների ու Ծնողական խորհուրդների ուղեկցութեամբ եւ հաւատացեալ ժողովուրդ:
Ս. Պատարագի աւարտին, եկեղեցում ներկայ աշակերտները հաղորդութիւն ստացան, ապա հոգեւոր դասի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների կազմած թափօրի առաջնորդութեամբ քայլեցին դէպի Ս. Ամենափրկչեան Վանքի թանգարանի մուտքի մօտ, որտեղ, տարիների աւանդութեան համաձայն, Ս. Մեսրոպ Մաշտոցի եւ Խաչատուր վրդ. Կեսարացու կիսանդրիների մօտ, իրականացւեց աշակերտական գեղարւեստական ծրագիր՝ հաղորդավարութեամբ ուսուցչուհի Միգանուշ Տէր-Մարտիրոսեանի:
Աշակերտական ելոյթների շարանում, խմբերգով, արտասանութիւններով ու աշակերտական խօսքերով առաձնաբար հանդէս եկան Նոր Ջուղայի Հայոց Ազգային Նախակրթարանի, «Արմէն» տարրական համալիրի, «Քանանեան» աղջկանց եւ «Կատարինեան» տղայոց ուղեցոյց ու միջնակարգ դպրոցների եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական ու «Մասիս» ուղեցոյց դպրոցների աշակերտ-աշակերտուհիները:
Ծրագրի աւարտին առաջնորդ Սրբազան Հայրն իր հայրական պատգամն ուղղեց ներկաներին: Նա մեծ երախտագիտութեամբ յիշեց Թարգմանչաց վարդապետներին եւ դիմելով ներկայ աշակերտութեանը՝ աւելացրեց. «Այսօր դուք եկել էք Ս. Ամենափրկչեան Վանք՝ ձեր ուխտը նորոգելու հայոց հազարագանձ լեզւի նկատմամբ: Եթէ լաւ սովորէք եւ հայոց լեզւի նկատմամբ հաւատարիմ լինէք, այն ժամանակ դուք արժանի ժառանգորդները կը դառնաք Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Հայրապետի, Մովսէս Քերթողի, Նարեկացիի, Շնորհալիի եւ բոլոր նրանց՝ ովքեր այսպիսի շունչ փոխանցեցին մեզ»: Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին շնորհաւորեց բոլոր ուսուցիչներին՝ Տօնի առթիւ:
Վերջում ներկաները համախմբւեցին Ս.Ա. Վանքում գտնւող «Քանանեան» դպրոցի հիմնադիր՝ Վառվառէ Քանանեանի շիրիմի շուրջ, որտեղ նախագահութեամբ առաջնորդ Սրբազան Հօր, Հոգեհանգստեան պաշտօն կատարւեց Գէորգ եւ Վառվառէ Քանանեանների հոգիների խաղաղութեան համար եւ «Քանանեան» դպրոցի կողմից ծաղկեպսակ տեղադրւեց բարերար հայուհու շիրիմին: