Երկուշաբթի՝ 2012 թւականի հոկտեմբերի 1-ին, Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի հրաւէրով, Նոր Ջուղա ժամանեց ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը՝ ընկերակցութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանի: Նոյն օրը, երեկոյեան ժամը 7:30-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան մարզասրահին կից բացօդեայ տարածքում, նախարար տկն. Յակոբեանին եւ դեսպան Գրիգոր Առաքեալեանին ջերմ դիմաւորեցին՝ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, քահանայ հայրեր, ազգային մարմինների եւ կառոյցների ներկայացուցիչներ ու համայնքի ժողովուրդ:
Այս առիթով միջոցառում էր կազմակերպւել. հաղորդավար Կարին Տէր-Մարտիրոսեանի ողջոյնի խօսք արտասանեց, որից յետոյ արտայայտւեց Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը: Նա ողջունելով նախարարի ներկայութիւնը Նոր Ջուղայում, անդրադարձաւ 400-ամեայ համայնքի դերակատարութեանը՝ պատմութեան տարբեր ժամանակահատւածներում: Պրն. Մինասեանը խորհրդանշական համարելով նախարարի առաջին այցելութեան զուգադիպումը Սփիւռքի նախարարութեան ստեղծման (որը տեղի ունեցաւ 2008 թւականի հոկտեմբերի 1-ին) 4-ամեակին, երախտագիտութեան խօսք ուղղեց նախարարին՝ Հայաստանի Հանրապետութեան ամենակարեւոր ու մեծ աշխատանքային ոլորտ պարունակող նախարարութեան պատասխանատւութիւնն ստանձնելու համար եւ աւելացրեց. «Նոր Ջուղայի պատմական համայնքը երկար տարիների ընթացքում Իրանի իշխանութիւնների բարի մօտեցումների արդիւնքում՝ կարողացել է բարգաւաճել ու զարգանալ եւ իր դերակատարութիւնն ունենալ համազգային բոլոր միջոցառումներում ու Արցախի ազգային-ազատագրական պայքարում: Նոր Ջուղան այսօր իր ներդրումն ունի նաեւ Հայաստանի պետականութեան հզօրացման ուղղութեամբ»:
Այնուհետեւ արտայայտւեց դեսպան Գրիգոր Առաքելեանը՝ Սփիւռքի նախարարին ընկերակցելն իւրաքանչիւր հայ դեսպանի համար մեծ պատիւ համարելով: Նա նշելով, որ տկն. նախարարն Իրան է ժամանել՝ մասնակցելու դեսպանատան կողմից կազմակերպւած ՀՀ անկախութեան 21-րդ տարեդարձին նւիրւած միջոցառմանը, շնորհաւորանքի խօսք յայտնեց ներկաներին՝ անկախութեան 21-ամեակի կապակցութեամբ:
Դեսպանի խօսքին յաջորդեց օրւայ գեղարւեստական բաժինը, որտեղ պարային կատարումներով, ասմունքներով ու հայրենասիրական եւ աշուղական երգերով հանդէս եկան Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Մշակութային Միաւրի գեղարւեստական խմբերի անդամները՝ ղեկավարութեամբ Ռիմա Սիմոնեանի, Նոնա Բախշեանի եւ Արմէն Ամիրխանեանի:
Որպէս օրւայ եզրափակիչ ելոյթ, ներկաներին իր պատգամն ուղղեց նախարար Հրանուշ Յակոբեանը: Նա դրւատանքով արտայայտւելով Նոր Ջուղայի եւ նոր-ջուղայեցու մասին, կարեւորութեամբ ընդգծեց անկախութեան 21 տարիների ընթացքում յաղթահարած մի շարք դժւարութիւններ ու ձեռքբերումներ եւ ասաց. «Մենք այսօր կարողացել ենք աշխարհին ներկայանալ որպէս վստահելի եւ յուսալի գործընկեր: Այսօր միջազգային աշխարհում Հայաստանի Հանրապետութեան անունը տալիս են յարգանքով ու հպարտութեամբ եւ այս ամէնը եղել է այն պատճառով, որ մեր կողքին է հայկական Սփիւռքը»: Նախարարն անդրադառնալով Նոր Ջուղայի մեծ դերակատարութեանը Հայատան-Իրան յարաբերութիւներում, ասաց, որ Հայաստանն այսօր հարեւան եւ բարեկամ երկիր Իրանի հետ ունի տարբեր ոլորտներում բարձրագոյն կարգի յարաբերութիւներ եւ Իրանում ապրող հայկական համայնքն է դարձել այն ուժեղ ու հաստատուն կամուրջը, որի շնորհիւ գոյութիւն ունի այս յարաբերութիւնը: Հրանուշ Յակոբեանն իր խօսքի աւարտին անդրադարձաւ նաեւ սիրիահայութեան ներկայ իրավիճակին եւ նրանց օգնելու համար ՀՀ կողմից ստեղծւած մի շարք դիւրութիւններին, նաեւ դատապարտեց Հունգարիայի կողմից ոճրագործին Ադրբեջան արտայանձնելու անընդունելի քայլը:
Միջոցառման աւարտին նախարարի ձեռամբ նախարարութեան ոսկէ մեդալներով պարգեւատրւեցին՝ Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը եւ Թեմական Խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը: Սրբազան Հօր շրջանից բացակայութեան պատճառով՝ մեդալն ստացաւ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը: Այնուհետեւ տկն. Յակոբեանը պատւոյ գրեր շնորհեց Թեմի Պատգամաւորական Ժողովի դիւանի եւ Կրօնական Խորհրդի ատենապետեր Աշոտ Դաւթեանին ու Արշալոյս Խուդավերդեանին, իսկ Վ. Սարոյեանի անւան մեդալներով պարգեւատրեց վասատկաւոր ուսուցիչ Լեւոն Մինասեանին ու գրող-բանաստեղծ Ազատ Մաթեանին: Վերջում Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեանը յանձնւեց յուշանւէր, որն ստացաւ Միութեան Կենտրոնական Վարչութեան փոխնախագահ Այլին Մելիքեանը:
Միջուցառմանը յաջորդեց հիւրերի պատւին կազմակերպւած ընթրիք-երեկոն, որին հրաւիրւած էին նաեւ Թեմի ազգային մարմինների եւ կառոյցների ներկայացուցիչները: