Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ փոխանցելու, ինչպէս նաեւ աշակերտների առաջադիմութեանն ու դպրոցների գործունէութեանն առաւել ծանօթանալու նպատակով, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ընկերակցութեամբ թեմի Կրթական խորհրդի անդամներ՝ Արինէ Մինասեանի եւ Արթուր Բաղրամեանի, շաբաթ՝ 2020 թւականի յունւարի 25-ի առաւօտեան ժամը 10:30-ին, այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր:
Սկզբում Սրբազան Հայրն ու նրան ընկերակցող Կրթական խորհրդի ներկայացուցիչները դպրոցի բակում, Իրանի հարաւ-արեւմտեան շրջաններում ջրհեղեղից տուժած հայրենակիցներին օժանդակելու համար նախատեսւած իրերի կապոցաւորման աշխատանքի ականատեսը լինելով, որոնք գնւել էին Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի, «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի եւ «Քանանեան-Կատարինեան» երկսեռ միջնակարգ դպրոցի տնօրինութիւնների, ուսուցչական կազմերի եւ աշակերտների նիւթական նւիրատւութիւնների միջոցով, բարձր գնահատեցին հայոց դպրոցների մարդասիրական այս համատեղ նախաձեռնութիւնը:
Այնուհետեւ պատւիրակութիւնն իր երեքժամեայ այցելութեան ընթացքում, առանձնաբար ներկայ գտնւելով հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի, «Քանանեան-Կատարինեան» երկսեռ միջնակարգ դպրոցի եւ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի դասարաններ, ինչպէս նաեւ հանդիպելով պատկան տնօրինութիւններին, ոչ միայն փոխանցեց իր տօնական մաղթանքները եւ մօտիկից ծանօթացաւ աշակերտների կրթական ու դաստիարակչական առաջադիմութիւններին, այլեւ իրազեկւեց նշւած կրթօջախների առաջիկայ ծրագրերի ու առկայ մի շարք դժւարութիւնների մասին:
Թղթակից (Նոր Ջուղա)