Կիրակի՝ 2019 թւականի դեկտեմբերի 22-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Աստւածածին» եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց՝ Քրիստոսին հաւատացող մեր առաջին թագաւոր Ս. Աբգարի տօնի առթիւ եւ 1841 թւականին «Ս. Աստւածածին» եկեղեցու շրջափակում կառուցւած «Հայկեան Հայրենասիրական» դպրոցի հիմնադիր Աբգարեան բարերար գերդաստանի յիշատակին: Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը:
Արարողութեան ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց պատարագիչ քահանայ հայրը: Նա ներկայացնելով Ս. Աբգար թագաւորի կեանքը, տօնի խորհուրդը եւ նրա իմաստն ու նշանակութիւնը մեր կեանքում, յատկապէս անդրադարձաւ Սրբի հաւատի զօրութեանը, թէ ինչպէս հաւատալով Քրիստոսին, բուժւեց Ս. Թադէոս առաքեալի միջոցով:
Ս. Պատարագի աւարտին ներկաները հաղորդութիւն ստացան, գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ կատաւեց Ջրօրհնէքի կարգը, իսկ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան կողմից մրգի կապոցներ եւ քաղցրաւենիք նւիրւեցին եկեղեցում ներկայ փոքրիկներին:
Հոգեպարար արարողութիւնից յետոյ միջոցառում իրականացւեց եկեղեցու սրահում, ուր խօսքերով, աղօթքների արտասանութեամբ եւ երգերով հանդէս եկան փոքրիկներն ու մեծահասակները, ապա թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը շնորհաւորելով տօնի կապակցութեամբ եւ շնորհակալական խօսք ուղղելով օրւայ Պատարագի մատուցման եւ միջոցառման կազմակերպման գործերում դերակատարներին՝ եկեղեցական դասին, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեանն ու անհատներին, յոյս յայտնեց, թէ այսուհետ առաւել թւով ներկաներ՝ ի մասնաւորի մանկապարտէզ-նախակրթարանի սաներ եւ պատասխանատուներ են մասնակցելու Աբգար թագաւորի տօնին:
Թղթակից (Նոր Ջուղա)