Ինչպէս ժամանակին սիրելի ընթերցողներին հաղորդւել է, Շահինշահրի հայ համայնքի անդամների եւ յատկապէս աշակերտութեան թւի նւազման եւ դրա հետեւանքով դպրոցի համար առաջացած բազում խնդիրների պատճառով հնարաւոր չեղաւ շարունակել համայնքի զոյգ ազգային դպրոցների՝ «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի եւ «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշխատանքը եւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի որոշմամբ ընթացիկ ուսումնական տարեշրջանից դադարեցւեցին նշւած կենտրոնների գործունէութիւնը, իսկ Թեմական խորհուրդը պարտականութիւն ստանձնելով, Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցներում կրթութիւնը շարունակել ցանկացող շահինշահրցի աշակերտների ընտանիքների համար, Նոր Ջուղայում ստեղծեց բնակարանային հնարաւորութիւն:
Քանի որ ծնողների մի մասը աշխատանքի եւ այլ պատճառների բերումով չհամաձայնւեց տեղափոխւել Նոր Ջուղա, դարձեալ Թեմական խորհուրդը յանձն առաւ վճարել խնդրոյ առարկայ ընտանիքների աշակերտների ուսման վարձը՝ Շահինշահրի ոչ-շահադիտական պարսկական դպրոցներում կրթութիւնը շարունակելու համար, իսկ այս դպրոցականների հայեցի կրթութիւնն ու դաստիարակութիւնը ապահովելու նպատակով, «Սրբոց Վարդանանց» դպրոցի շէնքում հիմնադրեց մէկօրեայ վարժարան, որի հիմնադրման գործով ամբողջ ամառային արձակուրդների ընթացքում ջերմեռանդ աշխատանքով եւ մեծ խանդավառութեամբ զբաղւեց Կրթական խորհուրդը՝ Թեմական խորհրդի հետ համակարծիք:
Սոյն մէկօրեայ վարժարանի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ հինգշաբթի՝ սեպտեմբերի 26-ի առաւօտեան ժամը 9:00-ին, ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, ազգային մարմինների, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան, դպրոցի անձնակազմի, աշակերտների եւ ծնողների:
Սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ Կրթական խորհրդի փոխ-ատենապետ Սաթենիկ Աւետումեանը, ով իր խօսքում անդրադառնալով սոյն վարժարանի նպատակներին, նշեց, որ այս մէկօրեայ ուսումնարանը նոր շունչ է հաղորդելու «Սրբոց Վարդանանց» դպրոցին:
Այնուհետեւ արտայայտւեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը, որը կարեւորելով հայոց դպրոցների դերակատարութիւնը հայեցի դաստիարակութեան ու հայապահպանման գործում, աշակերտներին յորդորեց՝ սովորել կրօնը, հայերէն լեզուն եւ մշակոյթը: Նա յոյս յայտնելով, որ լաւագոյն կերպով ընթանալու են դպրոցի աշխատանքները, շնորհակալական խօսք ուղղեց ազգային մարմիններին, ի մասնաւորի Կրթական խորհրդին՝ այս գովելի նախաձեռնութեան իրականացման համար:
Շարունակութեան մէջ գնահատւեցին համայնքի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի եւ «Սրբոց Վարդանանց» դպրոցի այս տարի հանգստի կոչւած ուսուցչուհիներ՝ Վարդուհի Պօղոսեանը, Քարմէն Մատթէոսեանը, Մառիթա Քեշիշեանն ու Կարինէ Մինասքանեանը, որից յետոյ բոլորը միասին արտասանեցին «Զգործս Ձեռաց Մերոց …» եւ «Տէրունական» աղօթքները, ապա Սրբազան Հայրը հնչեցրեց վարժարանի առաջին ուսումնական տարեշրջանի առաջին զանգը:
Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ու նրան ընկերակցող պատւիրակութիւնն այցելեցին դասարաններ եւ մօտիկից ծանօթացան աշակերտների եւ ուսուցիչների հետ: Յաջորդիւ Սրբազան Հօր գլխաւորութեամբ ազգայիններն ու ծնողները համախմբւեցին դպրոցի սրահում, ուր սկզբում արտայայտւեց Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը: Նա նշեց, թէ ժամանակին Նոր Ջուղայում եղել են հայերէնի մասնաւոր դասընթացներ, որոնք արդիւնաւէտ են եղել եւ շեշտեց, որ ազգային իշխանութիւնը քայլելով առարկայական պայմանների վրայ, կազմակերպել է մէկօրեայ այս դասընթացները:
Ընթացքում արտայայտւեցին նաեւ Թեմական խորհրդի անդամներ՝ դոկտ․Նորայր Թումանեանն ու Սոնիկ Բաղումեանը, ովքեր տեղեկացրեցին, որ Կրթական խորհուրդը վեցից-իններորդ դասարանների աշակերտութեան համար հայերէնի դասընթացներ, իսկ ծնողների համար ուսուցողական ծրագրեր կազմակերպելով, դպրոցը վերածելու է բազմանշական կրթական կառոյցի: Ելոյթ ունեցաւ նաեւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանը, ով սոյն վարժարանի հիմնադրումը լաւագոյն տարբերակը համարեց ստեղծւած պայմաններում աշակերտներին հայեցի կրթութիւն եւ դաստիարակութիւն տալու համար:
Թղթակից (Շահինշահր)