ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը կիրակի՝ 22 սեպտեմբեր 2019 թւականի երեկոյեան ժամանեցին Ս. Ա. Վանք եւ այցելեցին Նոր Ջուղայի Ազգագրական նորակառոյց թանգարան: Ս. Ա. Վանքի «Ծաղկեայ» դահլիճում պատւոյ հիւրերին ընդունեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը եւ Թեմի պատւիրակութիւնը:
Հանդիպմանը ներկայ էին Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը եւ խորհրդի միւս անդամները, Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը:
Սկզբում բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ Առաջնորդ Սրբազան հայրը, ապա ներկաներին շնորհաւորեց ՀՀ անկախութեան հռչակման 28-ամեակը:
ՀՀ դեսպան պրն. Թումանեանը եւս շնորհաւորեց ՀՀ անկախութեան օրւայ կապակցութեամբ, այնուհետեւ շնորհաւորելով նաեւ Նոր Ջուղայի Ազգագրական թանգարանի բացումը, նշեց, թէ նման թանգարանի բացը իրապէս զգացւում էր այս համալիրում:
Արտայայտութիւնների աւարտին ներս բերւեց ՀՀ անկախութեան 28-ամեակի խորհրդանշական կարկանդակը:
Հանդիպման յաջորդ բաժնում հրաւիրւած էին Սպահանի հայ եւ պարսիկ գործարարներ եւ առեւտրի ու տուրիզմի ոլորտի աշխատողներ, ինչպէս՝ նահանգի Եկամուտների եւ տնտեսութեան գերատեսուչ եւ ներդրումների սպասարկման կենտրոնի նախագահը, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան գերատեսչութեան ներդրումների եւ զբօսաշրջութեան տեղակալը, Սպահան նահանգի հիւրանոցների հաւաքականութեան նախագահը, «Ասեման» հիւրանոցի տնօրէնների խորհրդի նախագահը եւ այլ պաշտօնատարներ:
Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը բարի գալստեան խօսք ուղղելով ներկաներին, հակիրճ պատմական ակնարկ կատարեց Իրան-Հայաստան երկկողմ յարաբերութիւններին, կարեւորութեամբ ընդգծելով ներկայ ժամանակահատւածում տնտեսական գործարքների հաստատումը:
ՀՀ դեսպանը եւս ողջունելով հիւրերին, ներկայացրեց Իրան-Հայաստան ներկայի յարաբերութիւնները: Նա ընդգծելով, որ Հայաստանը տարանցիկ ճանապարհ է Իրանի ու Եւրասիական տնտեսական միութեան միւս երկրների միջեւ, յաւելեց, թէ այսպիսով առաւել լայն հնարաւորութիւն է ստեղծւել իրանցի արտադրողների համար Հայաստանում ներդրումներ կատարելու, որը նպաստելու է երկու երկրների տնտեսական զարգացմանը: Դեսպանը նաեւ նշելով, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում տեղի է ունենալու Եւրասիական բարձրագոյն խորհրդի նիստը եւ այս նիստին, որպէս պատւոյ հիւր մասնակցելու է նաեւ Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ՝ Հասան Ռոհանին, յայտնեց թէ հնարաւոր է օգտւելով այս առիթից ընդլայնել Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնները:
Հանդիպումը շարունակւեց ներկաների արտայայտութիւններով, որի ընթացքում հնչեցին տնտեսական եւ զբօսաշրջութեան ոլորտին առնչւող բազմաթիւ համագործակցային առաջարկներ ու հարցումներ, որոնց վերաբերեալ բացատրութիւններ տւեց յարգելի դեսպանը:
Հանդիպմանը եզրակացւեց, որ իւրաքանչիւր գործարար եւ ի մասնաւորի Սպահանի առեւտրի պալատը կարող են կապւելով դեսպանատուն տարբեր ոլորտներին առնչւող հանդիպումներ կազմակերպելու դիմում ներկայացնել, որտեղ առաւել մանրամաս կը քննարկւեն առաջարկները եւ կը տրւեն համապատասխան ուղղութիւններ՝ զարկ տալու համար տնտեսական երկկողմ յարաբերութիւններին:
Հանդիպումը աւարտւեց հիւրասիրութեամբ, որտեղ եւս ծաւալւեց մտերմիկ զրոյց: