Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի որոշման համաձայն, որը հիմք ընդունելով հանգուցեալ Մարգարիտ Խաչանեանի կտակը՝ ազգագրական թանգարան հիմնելու կապակցութեամբ, յանձնարարել էր Թեմական խորհրդին հարկ եղածը տնօրինել թանգարանի հիմնադրման ուղղութեամբ, եւ Թեմական խորհրդի նախկին ու ներկայի կազմերի հետեւողական ու ջանադիր աշխատանքի շնորհիւ, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում հիմնադրւել է Ազգագրական թանգարան, ուր առանձին տաղաւարներով ցուցադրւել են Հին Ջուղայի կործանման եւ Նոր Ջուղայի հիմնադրման պատմութիւնները, վաճառականութիւնը, արհեստը, արւեստը, ընտանիքը, նրբագեղութիւնը, կեանքը, հաւատքը, դպրոցն ու երաժշտութիւնը: Թանգարանի դռներն այցելուների առջեւ բացւել են 2019 թւականի մարտի 20-ից, իսկ պաշտօնական բացումը տեղի ունեցաւ շաբաթ՝ յունիսի 22-ի երեկոյեան:
Բացման ծրագրի առիթով Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ու ազգային իշխանութիւնը Ս. Ամենափրկիչ վանքում հիւրընկալեցին՝ պետական բարձրաստիճան պաշտօնատարներին եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւններին, շրջանի Հայ դատի յանձնախմբի, միութիւնների ու հայոց դպրոցների ներկայացուցիչներին, թանգարանին նմուշներ նւիրաբերած անհատներին եւ հիմնադրման գործում դերակատարներին: Պետական բարձրաստիճան հիւրերի շարքում աչքի էին ընկնում՝ Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզային, Սպահանի քաղխորհրդի տնօրէն դոկտ. Մոինը, Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան Սպահանի գերատեսչութեան գլխաւոր տնօրէն հոջ. Անսարին, Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետ ճարտ. Ռեզային, Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան Սպահանի գերատեսչութեան գլխաւոր տնօրէն դոկտ. Ալլահեարին, Սպահան նահանգի թանգարանների խորհրդի գլխաւոր տնօրէն պրն. Ռողանին, եւ Ուսումնա-դաստիարակութեան 3-րդ շրջանի հիմնարկի տնօրէն պրն. Նազարեանը:
Բացման ծրագիրն սկիզբ առաւ Ազգագրական թանգարանի հիմնադրման յանձնախմբի անդամներ՝ Կարին Տէր-Մարտիրոսեանի եւ Արգին Աբնուսեանի հանդիսավարութեամբ, իսկ յաջորդիւ Թեմական խորհրդի խօսքն ընթերցւեց հանդիսավարի միջոցով:
Ահա մի հատւածի մէջբերում Թեմական խորհրդի խօսքից.
"Ազգային իշխանութիւնների համար Ազգագրական թանգարանի հիմնադրումը՝ որպէս Նոր Ջուղայի պատմա-մշակութային ժառանգութիւնը, կենցաղը, ժողովրդական ու ազգագրական հարուստ սովորոյթները ներկայացնող կարեւոր կառոյց« դառնում է այն իրագործումը եւ այն աւանդը, որը կրկին հարստացնելու է եւ Սպահանի հայոց թեմին, եւ առհասարակ համալրելու է հայ ժողովրդի սփիւռքեան մի բեկորի հայկական մշակութային արժէքների շարքը":
Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան եւ իր անունից պարսկերէն լեզւով արտայայտւեց Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նախկին պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը: Նա ողջունելով հիւրերի ներկայութիւնը, անդրադարձ ունեցաւ Ազգագրական թանգարանի հիմնադրման կարեւորութեանը եւ յատկապէս ընդծգեց, որ՝ ճիշտ է, թանգարանում ցուցադրւած նմուշները ժամանակին եղել են կենցաղային սովորական իրեր, սակայն այսօր դրանք հիանալի միջոցներ են՝ մեզ այդ ժամանակաշրջանում ապրող ժողովրդի կենսակերպին, սովորութիւններին ու հաւատին հաղորդ դարձնելու համար: Նա մատնանշելով հայերի եւ պարսիկների միջեւ խաղաղ եւ փոխադարձ յարգանքի ու վստահութեան վրայ հիմնւած համակերցութիւնը, յոյս յայտնեց, որ սոյն մթնոլորտը նորարարութիւնների խթան է հանդիսանալու՝ ի նպաստ հայկական մշակոյթի առաւել ծանօթացման:
Ելոյթով հանդէս եկաւ նաեւ Սպահանի նահանգապետը: Պրն. Ռեզային գնահատելով Ազգագրական թանգարանի հիմնադրումը, ինչպէս նաեւ պաշտօնական բացման հանդիսութեան կազմակերպումը, յատկապէս մատնանշեց, որ միշտ յատուկ աշխուժութիւն է զգացել Ս. Ամենափրկիչ վանք այցելելիս եւ յոյս յայտնեց, որ սոյն թանգարանը առաւել չափով ծանօթացնելու է շրջանի հայութեան սովորութիւնները:
Ծրագրի շարունակութեան մէջ թանգարանի մուտքի ժապաւէնը միասնաբար յատեցին նահանգապետն ու թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը, իսկ Սպահան նահանգի թանգարանների խորհրդի տնօրէն ճարտ. Նեքուին Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանի պատասխանատու Զարեհ Ղարախանեանի ընկերակցութեամբ, ով նոյնպէս անդամակցում է նշւած խորհրդին, գնահատագիր յանձնեց Թեմական խորհրդին, որը ներկայացուցչաբար ստացաւ փոխ-ատենապետ դոկտ. Նորայր Թումանեանը:
Վերջում ընթերցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տէր Սիփան եպս. Քէչէճեանի պարսկերէն լեզւով պատգամը, ուր թանգարանի հիմնադրման կապակցութեամբ շնորհակալական խօսք էր ուղղւած Իրանի պետական բարձրաստիճան այրերին, թեմի ազգային իշխանութեանը եւ աշխատանքն ի կատար ածող յանձնախմբին ու անհատներին: Սրբազան Հօր պատգամում յատկապէս ընդգծւած էր. "Այս թանգարանի բացումից յետոյ, նրա յարատեւումն ու մասունքների արժեւորումը թողնելու ենք յառաջիկայ սերունդներին, այն յոյսով, որ նրանք իրենց արդարադատ խղճով կը կատարեն լիիրաւ արժեւորոմը: Ամբողջ աշխարհում, բայց մանաւանդ մեր սիրեցեալ Իրանում, եւ յատկապէս մեր հարազատ այս տան՝ Սպահան նահանգում, մեր թանգարանները իմացողների համար մէկական փարոսներ են":
Երեկոյի ընթացքում տեղի ունեցան գեղարւեստական կատարումներ. երգերով ելոյթ ունեցան մայեստրօ Համիկ Ալեքսանդրանը, Ս. Ամենափրկիչ վանքի "Կոմիտաս" երիտասարդական երգչախումբը՝ դոկտ. Արբի Բաբումեանի խմբավարութեամբ ու մեներգիչներ՝ Հարմա Կարապետեանի ու Վանանդ Իսաղուլեանի համագործակցութեամբ, Ս. Ամենափրկիչ վանքի "Տաթեւ" երգչախմբի անդամ Ասպետ Մարգարեանը, թառ նւագարանի նւագակցութեամբ հանդէս եկաւ պրն. Ջէյհունը, իսկ անզուգական կատարմամբ բեմականացւեցին Նոր Ջուղայի աւանդական հարսանեանց խնջոյքից դրւագներ՝ ցուցադրելով սոյն շրջանի, ինչպէս նաեւ Փերիայի եւ Չհարմահալի սովորութիւններն ու տարազները: Ընթացքում հանդիսավարների միջոցով ընթերցւեցին Ազգագրական թանգարանի բաժինների մասին տեղեկութիւններ եւ թանգարանին նմուշներ նւիրաբերած անհատների անւանացանկը, որոնք ծրագրի աւարտին գնահատւեցին շնորհակալագրերով:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարները "Ալիք" օրաթերթի թղթակցի եւ Շանթ Մելքոնեանի