Աղբիւր՝ www.alikonline.ir
«alikonline.ir» - Իրանի հայաշատ Սպահան քաղաքի Նոր Ջուղա թաղամասում է գտնւում Հայ Առաքելական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը յայտնի է նաեւ պարզապէս Վանք անունով։ Այն կառուցւել է 1655 թւականին՝ Շահ Աբբաս 2-րդ Սեֆիի օրօք։
Վանք այցելած թուրք լրագրող Էրեն Ֆըրաթը թուրքական «Aydınlık» թերթում հրատարակած իր յօդւածում երկար պատմում է Սպահանում հայերի դարաւոր ներկայութեան, հայկական եկեղեցու հիմնման պատմութեան, ճարտարապետական մոտիւների ու առանձնայատկութիւնների մասին։ Տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը:
«Շահ Աբբասի ժամանակաշրջանում Արաքսի յարակից տարածքներից մեծ թւով քրիստոնեայ հայեր տեղափոխւեցին Սպահան։ Նրանք այստեղ մի եկեղեցի են կառուցել, որն արտաքին տեսքով մզկիթի է նման։ Հայերը առեւտրով են զբաղւել, հիմնականում մետաքսի առեւտրով։ Այն ժամանակ Վիեննայում Իրանի դեսպանը հայ էր, ինչի շնորհիւ Վանքի որմնանկարների մեծ մասը հեղինակել են իտալացի վարպետները։ Հետեւաբար դրանցում իտալական մոտիւներ էլ են օգտագործւել»,- գրում է յօդւածի հեղինակը։
Վերջինս այնքան տպաւորւած է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շքեղութեամբ, որ մէկ առ մէկ անդրադառնում է որմնանկարների ու քանդակների բովանդակութեանը, դրանց ոճին, պատմութեանը, առանձնայատկութիւններին։
Բայց եկեղեցու բակում կայ մի յուշակոթող, որը «անհանգստացրել» է թուրք զբօսաշրջիկներին։ Խօսքը 1975 թ․ կառուցւած Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի մասին է։ Յուշարձանը ներառում է Թուրքիայի քարտէզը, որի վրայ ցուցադրւած են Հայոց Ցեղասպանութեան օջախները: Կայ նաեւ փորագրութիւն. «Պահանջում ենք, ճանաչել Օսմանեան Թուրքիայում հայերի դէմ իրականացւած անհերքելի Ցեղասպանութիւնը եւ պատասխանատւութիւն ստանձնել»:
Թուրք լրագրողը դժգոհութիւն է յայտնում այս կապակցութեամբ՝ գրելով. «Այս կերպ նրանք պախարակում են Օսմանեան կայսրութիւնը։ Աւելի քան երեք միլիոն բնակչութիւն ունեցող Սպահանը Իրանի ամենահայաշատ քաղաքն է, իսկ Վանքը միեւնոյն ժամանակ հակաթուրքական թանգարան է»:
Յօդւածի հեղինակը կոչ է անում ակնարկ յղել «եղբայրական Իրանին» այն մասին, որ նման կառոյցն աննպատակայարմար է: