Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակման տօնը՝ Ծաղկազարդը, հանդիսութեամբ նշւեց Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ Նոր Ջուղայի “Ս. Մինաս”, “Ս. Ստեփանոս”, “Ս. Աստւածածին” եւ “Ս. Յովհաննու Կարապետ” եկեղեցիներում, կիրակի՝ 2019 թւականի ապրիլի 14-ի առաւօտեան:
Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ եպիսկոպոսական հանդիսաւոր Սուրբ Պատարագ մատուցւեց “Ս. Յովհաննու Կարապետ” եկեղեցում:
Ընթացքում Սրբազան Հայրը անդրադառնալով Յիսուսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքին եւ յատկապէս բնաբան դարձնելով “Մատթէոս” աւետարանի 20-րդ գլխից “Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց” աւետարանական հատւածը, մատնանշեց այն մարդկանց, ովքեր Քրիստոսին կապւած լինելով ամբողջ ընտանիքներով թափօր կազմեցին եւ Տիրոջ յետեւից ընթացան դէպի Երուսաղէմ, ապա աւելացրեց, որ այսօր էլ մենք Քրիստոսի հետ ժամադրութիւն ունենք, սակայն ի տարբերութիւն Երիքովի ժողովրդի մեր ժամադրութիւնը ոչ թէ փողոցներում է, այլ եկեղեցում, քանի որ մենք գիտակցում ենք, թէ Քրիստոսը եկեղեցու գլուխն է: Նա իր խօսքի մի այլ բաժնում յորդորեց՝ որպէս քրիստոնեաներ այնպիսի աստւածահաճոյ կեանք ապրենք, որպէսզի վերջին դատաստանին կարողանանք սրբերի ամբողջութեանը մաս կազմել եւ Աստծոյ ողորմութեանն ու գթութեանն արժանանալ:
Յաւարտ Սուրբ Պատարագի օրհնւեցին եւ ժողովրդին բաժանւեցին ձիթենու ճիւղերը, ապա եկեղեցու բակում կազմւեց Ծաղկազարդի աւանդական թափօրը:
Պատարագի ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ “Շուշանիկ” հոգեւոր երգչախումբը:
Նոյն օրը երեկոյեան, Դռնբացէքի արարողութիւնը մատուցւեց Նոր Ջուղայի “Ս. Մինաս”, “Ս. Ստեփանոս”, “Ս. Աստւածածին” եւ “Ս. Յովհաննու Կարապետ” եկեղեցիներում: “Ս. Յովհաննու Կարապետ” եկեղեցու կարգը տեղի ունեցաւ թեմակալ առաջնորդի նախագահութեամբ եւ կատարողութեամբ:
Աւետարանական ընթերցումներից, շարականներից եւ փոխասացութիւններից յետոյ, Սրբազան Հօր միջոցով փակ վարագոյրի առջեւ իրականացւեց երկնային արքայութեան դռների թակելը խորհրդանշող բաժինը, որից յետոյ բացւեց Մեծ պահքի ընթացքում փակ մնացած վարագոյրը:
Կարգի աւարտին Սրբազան Հայրն անդրադարձաւ օրւայ խորհրդին եւ ասաց, որ արարողութեան ընթացքում բացւող վարագոյրը խորհրդանշում է երկնքի արքայութեան դռները, որն Աստւած իր ողորմութեամբ, գթութեամբ եւ ներողամտութեամբ բացում է մեր դիմաց եւ ընդունում մեղաւորներիս զղջումը:
Երեքշաբթի՝ ապրիլի 16-ի երեկոյեան, Նոր Ջուղայի “Ս. Ստեփանոս” եւ “Ս. Յովհաննու Կարապետ” եկեղեցիներում իրականացւեց Տասը Կոյսերի առակի յիշատակի օրւայ առթիւ եկեղեցական արարողութիւնը:
“Ս. Յովհաննու” եկեղեցու կարգը մատուցւեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ ու կատարողութեամբ:
Առակի ներկայացման աւարտին գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը նշեց, թէ խորապէս համոզւած լինելով, որ առակը մարմնաւորող աշակերտուհիները խելացի եւ իմաստուն են, սարկաւագներին կարգադրել էր բոլոր թղթերի վրայ նշել իմաստուն բառը: Նա մաղթեց, որ իմաստունութիւնը դրոշմւի այս օրիորդների մտքում եւ նրանց թոյլ չտայ շեղւել Աստծոյ ճանապարհից:
Յատկանշական է, որ առակը մարմնաւորող օրիորդների մասնակցութիւնը Նոր Ջուղայի եկեղեցիներում կազմակերպելու հարցում Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի հետ համագործակցել էին Նոր Ջուղայի հայոց ազգ. “Արմէն” տարրական եւ “Քանանեան-Կատարինեան” երկսեռ դպրոցների տնօրինութիւնները:
Վերոնշեալ բոլոր արարողութիւններին ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ: “Ս. Յովհաննու Կարապետ” եկեղեցու Ծաղկազարդի Սուրբ Պատարագին մասնակցել էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաներն ու “Արմէն” երկսեռ տարրական կրթահամալիրի 2-րդ եւ 4-րդ դասարանների աշակերտ-ուհիները, իսկ Դռնբացէքի կարգին՝ Նոր Ջուղայի Կիրակնօրեայ դպրոցի աշակերտութիւնը:
Թղթակից (Նոր Ջուղա)