Ուրբաթ՝ 2019 թւականի մարտի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում հանդիսաւոր յոբելեանական համերգով նշւեց Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի հիմնադրման եւ գործունէութեան 20-ամեակը:
Երգչախումբը հիմնադրւել է 1999 թւականին Սպահանի հայոց թեմի ժամանակի առաջնորդ երջանկայիշատակ Տ. Կորիւն արք. Պապեանի եւ Կրօնական խորհրդի մտայղացմամբ ու հովանաւորութեամբ՝ նպատակ ունենալով երիտասարդների հոգում ամրապնդելու եկեղեցու նկատմամբ հաւատը եւ հոգեւոր, ազգային ու ժողովրդական երգերի հանդէպ սէրը: Խումբն անցնող 20 տարիների ընթացքում մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ, բազմաժանր համերգներ է իրականացրել իրանահայ համայնքների ու Հայաստանի բեմերից եւ ընթացք տալով պաշտօնական հրաւէրներին, հանդէս է եկել Սպահանում տեղի ունեցած զանազան միջոցառումներում:
Յոբելեանական համերգը բացւած յայտարարւեց հանդիսավար Ալինա Ալեքսանդրեանի խօսքով: Այնուհետեւ մեկնարկեց կատարումների շարանը, որտեղ հանդիսատեսը առիթ ունեցաւ վայելելու հայկական դասական եւ ժողովրդական երգեր՝ խմբի հոգեթով ու անզուգական կատարումներով: Գեղարւեստական շարանում հնչեցին «Կենաց երգ», «Ճախրայ մանող», «Բոստան եմ տըրէ», «Մոկաց շուկէն», «Ալագեազ», «Խնկի ծառ», «Շախկր-շուխկր», «Որտեղ գտնեմ քեզ», «Կոյս ձեռքեր», «Գողթնի քնարք», «Ֆանտազիա», «Քաջ Անդրանիկ», «Սիրեմ կը», «Ծովափին», «Ես իմ սէրն եմ սիրում» եւ «Նոր Ջուղա» երգերը, որոնց գործիքաւորումն ի կատար էր ածւել խմբավարի միջոցով: Նշենք նաեւ, որ «Կոյս ձեռքեր», «Ես իմ սէրն եմ սիրում» եւ «Նոր Ջուղա» երգերի երաժշտութիւնների հեղինակը հանդիսանում է մայեստրօ Ալեքսանդրեանը:
Կատարումներն ընդմիջւեցին երգչախմբի 20-ամեայ գործունէութիւնն արտացոլող տեսանիւթի սփռմամբ եւ առիթի կապակցութեամբ ստացւած ուղերձներից հատւածների ընթերցմամբ: Այս առիթով ուղերձներ էին ստացւել Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի դիւանից, Նոր Ջուղայի, Թեհրանի եւ Շահինշահրի միութիւններից, երգչախմբերից, հայոց դպրոցներից եւ Իրանում ու արտերկրում ապրող մի շարք անհատներից:
Ձեռնարկի շարունակութեան մէջ յանուն Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի, ելոյթով հանդէս եկաւ նոյն խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը: Ահա մի հատւածի մէջբերում նշւած խօսքից. «Հայ երգը որպէս հոգու արտացոլանք՝ ձեր երաժշտական տաղանդի շնորհիւ դարձել է այն գրաւականը, որով հպարտութեամբ կարող ենք ներկայանալ ու ներկայացնել մեր համայնքում ծլարձակող մշակոյթը: Եկեղեցւոյ սրբազնասուրբ կամարների ներքոյ, ձեր հնչեղ երգեցողութիւնն առաւել շուգ է հաղորդել հոգեպարար արարողութիւններին՝ ջերմացնելով հաւատացեալների սրտերը: Ձեր կատարողական անջնջելի կնիքով, ոչ միայն Սփիւռքում, այլ նաեւ հայրենիքում բարձր է հնչում Նոր Ջուղայի երգչախմբային արւեստը: Յիրաւի «Տաթեւ» երգչախումբն իր շնորհալի խմբավարի հետեւողական ու բծախնդիր աշխատանքի շնորհիւ գերազանցօրէն ծառայել է իր կոչումին»:
Երեկոյի եզրափակիչ խօսքն արտայայտեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Սրբազան Հայրը բարձր գնահատելով հնչած կատարումները եւ երգչախմբի անադմների ու ղեկավարի ծաւալած գործունէութիւնն այդ ուղղութեամբ, ինչպէս նաեւ հայ բեմերում մայեստրոյի ունեցած աւելի քան 25 տարիների վաստակը, ընդգծեց, որ «Տաթեւ»-ն իր 20-ամեայ երթի ընթացքում լուսաւոր օրերի կողքին հանդիպել է նաեւ նեղ օրերի, որոնց առաջին հերթին կարողացել է յաղթահարել Աստծոյ օրհնութեամբ: Թեմակալ առաջնորդը վերջում այս առիթի կապակցութեամբ շնորհաւորանքի խօսք ուղղելով թեմի ազգային իշխանութեանը եւ երգչախմբի ղեկավարին ու անդամներին՝ յոբելեարին մաղթեց՝ երկար տարիներ բաղմնաւոր գործունէութիւն:
Համերգին ներկայ էին նաեւ՝ քահանայից դասը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց դպրոցների ներկայցուցիչներն ու ժողովուրդ:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան