Սրբոց Վարդանանց ու միեւնոյն ժամանակ Շահինշահրի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, ուրբաթ եւ շաբաթ՝ 2019 թւականի մարտի 1 եւ 2-ին համայնքի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, տեղի ունեցան երկօրեայ արարողութիւններ:
Ուրբաթ՝ կէսօրից յետոյ ժամը 4:00-ին, արժ․Տ․Սահակ քհնյ․Մինասեանի միջոցով, եկեղեցու բակում տեղի ունեցաւ աղօրհնէքի արարողութիւնը եւ ոչխարների զենման կարգը, իսկ յաջորդ օրը Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ․Տ․Սիփան եպս․Քէչէճեանի ձեռամբ ու եկեղեցական դասի մասնակցութեամբ մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագին ներկայ էին՝ Նոր Ջուղայի Հայ Առաքելական Եկեղեցեաց եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութիւնների ներկայացուցիչները, Շահինշահրի հայոց ազգ․դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները եւ ժողովուրդ:
Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզում անդրադառնալով Վարդանանց պատերազմին եւ յատկապէս ընդգծելով այն օրերի պայմանները, որոնք Վարդանանց խմբին մղեցին հայրենիքի սուրբ հողի համար թափել իրենց արիւնը, յիշեց Յազկերտ երկրորդի հրովարտակն ու աւելացրեց. «Այսօր էլ գոյութիւն ունեն նման ծածուկ հրովարտակներ, իսկ մենք այդպիսի հրովարտակների դէմ հանդիմանում ենք աստւածային մեր փրկարար հրովարտակով՝ Աստւածաշնչով: Աստւածաշունչը գիտակից մարդու համար ոչ թէ հրովարտակ է, այլ կողմնացոյց, երաշխիք եւ լիազօրագիր»:
Նա կոչ արեց՝ քաջ եւ հաւատարիմ զինակիցները դառնալ բոլոր սրբերի՝ նրանց սկսած պայքարն ու բարի պատերազմը շարունակելու համար:
Պատարգից յետոյ եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ մատաղօրհնէքի կարգը, ուր օրհնւեց պատրաստւած հարիսան եւ բաժանւեց ժողովրդին, իսկ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը յատուկ շնորհակալական խօսք ուղղեց տօնի արարողութիւնների իրականացման եւ մատաղի պատարստման գործում դերակատարներին:
Յատկանշական է, որ երկօրեայ այս արարողութիւնների ընթացքում ուխտաւորներն իրենց խորհուրդը կատարեցին նւիրատւութիւններով, իսկ շարականների երգեցողութիւնը կատարեց «Նարեկ» երգչախումբը:
Թղթակից (Շահինշահր)