Չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 6-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում հանդիսութեամբ նշւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնադրման 40-ամեակը: Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, պետական պաշտօնատարներ, միաստւածութեան կրօնների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:
Երեկոն պաշտօնապէս բացւած յայտարարւեց ԻԻՀ հիմներգի յոտնկայս ունկնդրութեամբ, որից յետոյ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի խօսքն ընթերցեց թեմի Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի պատասխանատու Մանիա Ղուկասեանը, որտեղ ընդգծւած էր. «Քառասուն տարի առաջ, հիմքը դրւեց Իրանի ժողովրդի անկախ կեանքի ու փառահեղ ապագայի. հիմք, որը յեղափոխութիւնից տասնամեակներ անց առաւել ամրապնդւեց ժողովրդի անսահման զոհաբերութեան ու ջանքերի շնորհիւ …Իրանի պատմութեան մէջ, Իսլամական յեղափոխութիւնը հաւատքի եւ հաւատարմութեան այն ամուր ժայռն է, որի հիմքի վրայ մեր սիրեցեալ երկիրը կանգնել է ամուր եւ հաստատուն: Հայեացք նետելով Իրանի յեղափոխութեանը եւ նրա անցած ուղուն, տեսնում ենք, որ Իրանի ժողովրդի կառուցած տունը մնացել է ամուր եւ անսասան բոլոր փոթորիկների դէմ, քանի որ դրա հիմնասիւնն այս ժողովրդի հաւատն ու կամքի ուժը, հոգեւոր ու բարոյական արժէքները եւ յատկապէս քաջութիւնն ու անձնազոհութիւնն է, որոնք ձեռք են բերւել մշակութային, գիտական եւ արդիւնաբերական նւաճումներով»:
Գեղարւեստական բաժնում «Բահմանի յեղափոխութիւն» եւ «Էյ Իրան» երգերով հանդէս եկան Հարմա Կարապետեանն ու Վանանդ Իսաղուլեանը, ապա Ֆիրդուսիի եւ Մոլանայի բանաստեղծութիւններից հատւածներ ասմունքեց Կարէն Խանլարեանը: Մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը կատարեց իր ստեղծագործութիւններից «Զայանդէ Ռուդ»-ը, իսկ դոկտ. Արբի Բաբումեանը՝ Շահդադ Ռոհանիի «Գարնան պար» ստեղծագործութիւնը: «Էյ Վաթան»-ը ասմունքեցին Լիանա Ղազարեանն ու Արթուր Քամարզարեանը եւ Ս. Ա. Վանքի «Տաթեւ» երգչախումբը հանդէս եկաւ «Սայեաթ Նովա»-ի եւ Արեւմտեան Հայաստանի երգերի շարանով՝ ղեկավարութեամբ խմբավար Համիկ Ալեքսանդրեանի:
Գեղարւեստական ծրագիրն ընդմիջւեց երկու տեսանիւթերով՝ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ Իսլ. յեղափոխութեան տարբեր ամեակների նշման շրջագծում հայոց ազգ. դպրոցների միջոցառումների թեմաներով:
Կազմակերպւել էր նաեւ լուսանկարների ցուցահանդէս, որտեղ արտացոլւել էր հայ համայնքի դերակատարութիւնն ու մասնակցութիւնը Իրանի հողային ամբողջականութիւնը պաշտպանելու գործում:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարների հեղինակ՝ Արա Բաղումեան