Փերիոյ Կրթ. միութեան հիմնադրման 90-ամեակի յանձնախմբի նախաձեռնութեամբ, սոյն յոբելեանական առիթի նշման շրջագծում, հինգշաբթի՝ 2018 թւականի դեկտեմբերի 20-ի առաւօտեան ժամը 10,00-ին, Նոր Ջուղայի “Ս. Յովհաննու Կարապետ” եկեղեցում տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ ի յիշատակ յոբելեար միութեան կեանքից հեռացած անդամ-ուհիների եւ նոյն միութեան ու Փերիոյ գաւառի նախկին հիւանդանոցի բարերարների:
Հոգեհանգստեան կարգն իրականացւեց թեմիս քահանայից դասի միջոցով: Արարողութեան աւարտին արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանն ընդգծելով, որ Փերիոյ գաւառի գիւղերում կրթութեան մակարդակի զարգացման նպատակով 1928 թւականին Յովակիմ քհնյ. Բարսեղեանի ջանքերի շնորհիւ հիմնադրւեց Փերիոյ Կրթ. միութիւնը, դրւատանքի խօսք ուղղեց այս նպատակի իրականացման համար միութենականների ծաւալած նւիրական գործունէութեան կապակցութեամբ եւ կարեւորեց մտքի զարգացումը փոքրաթիւ ազգերի գոյատեւման ու վերելքի հարցում:
Վերջում բոլորն աղօթեցին եւ խնկարկեցին հիմնադիրների ու բարերարների անմոռաց յիշատակին:
Պաշտօնից յետոյ ներկաները մեկնեցին միութեան կենտրոնատեղի, ուր այս առիթով կազմակերպւել էր երկօրեայ ցուցահանդէս: Այս շրջագծում ցուցադրւել էին Փերիոյ գաւառի հայ կանանց միջոցով գործւած գորգեր ու պատկան գործիքներ, գիւղական կեանքից կենցաղային իրեր, հայկական գիւղերից մանրակերտներ եւ հին լուսանկարներ, իսկ մի շարք կանայք գաւառի տարազներով զգեստաւորւած կենդանի ձեւով պատկերում էին շրջանի գիւղական կեանքը:
Մուտքի ժապաւէնը միասնաբար յատեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Թեմական խորհրդի անդամ դոկտ. Նորայր Թումանեանն ու Փերիոյ Կրթ. միութեան Կենտ. վարչ. նախագահ Վահան Թահմազեանը: Թեմակալ առաջնորդը ցուցահանդէսի տարբեր բաժինները դիտելուց յետոյ իր հայրական օրհնանքը փոխանցեց ներկաներին՝ ասելով, թէ յատուկ կապւածութիւն եւ սէր է տածում գիւղական կեանքի նկատմամբ եւ անասելի ուրախութեամբ է լցւում, երբ թեմիս շրջաններ կատարած իր այցելութիւնների ընթացքում հանդիպում է հայկական գիւղերի, որտեղ դեռ հայ ընտանիքներ են բնակւում: Սրբազան Հայրն իր խօսքի շարունակութեան մէջ շեշտելով, որ ցուցահանդէսում յատկապէս արտացոլւել են գիւղական կեանքի դժւարութիւնները եւ հայ ժողովրդի աշխատունակութիւնն ու աշխատասիրութիւնը, շնորհաւորանքի խօսք ուղղեց առիթի կապակցութեամբ եւ բազմամեայ գործունէութիւն մաղթեց Փերիոյ Կրթ. միութեանն ու գործող միւս միութիւններին:
Միջոցառմանը ներկայ էին նաեւ քահանայից դասը, ազգային մարմինների ներկայացուցչները, յոբելեարի անդամ-ուհիները եւ ժողովուրդ:
Թղթակից (Նոր Ջուղա)