Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, շաբաթ՝ 2018 թւականի դեկտեմբերի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում մատուցւած կիրակնամուտի արարողութեան աւարտին, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու հոգեւորականաց դասի մասնակցութեամբ, 1988 թւականի Հայաստանի աւերիչ երկրաշարժի 30-ամեակի առիթով, հոգեհանգստեան պաշտօն տեղի ունեցաւ՝ սոյն աղէտի զոհերի յիշատակին:
Այս ցաւալի առիթով գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր սրտի խօսքն ուղղելով ներկայ հաւատացեալներին՝ յիշեց 1988-ի աղէտալի երկրաշարժը եւ դրա հետեւանքները, որը տարածւեց ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհասփիւռ հայութեան վրայ, ապա դրւատանքով անդրադարձաւ համայն հայութեան եւ օտար երկրների կողմից տուժածներին մեկնած օգնութեան ձեռքերին: Առաջնորդ Սրբազան Հայրն իր, թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ցաւակցական խօսք ուղղելով երկրաշարժի զոհերի հարազատներին՝ աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ իր ողորմութեամբ նրանց հոգիները երկնքի արքայութեան լոյսերի ներքոյ հանգչեցնի:
Արարողութիւնն աւարտւեց զոհերի յիշատակին խնկարկումով:
Թղթակից (Նոր Ջուղա)