Նոյեմբերի 24-ին եւ 25-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան հովանաւորութեամբ, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ միութեան Սկաուտական միաւորը վաճառքի էր հանել միաւորի անդամների ծնողների միջոցով պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորւած պահածոներ եւ թխւածքներ, որոնց բազմազանութիւնը վկայում էր միաւորի Գերագոյն մարմնի եւ ծնողների համատեղ ու արդիւնաւէտ ջանքի մասին: Վաճառքից բացի՝ միաւորի ծնողները ստանձնել էին նաեւ բիւֆէի դժւարին պատասխանատւութիւնը։ Միութեան Մշակութային միաւորի վարչութիւնը ապահովել էր այցելուների ժամանցը՝ սլաքախաղի միջոցով:
Վաճառքին մասնակցել էին նաեւ Հայոց ազգային «Արմէն» տարրական դպրոցը, Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութիւնը, Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութիւնը, Փերիոյ կրթասիրաց եւ Հայ ուս. Չհարմահալ միութիւնները եւ անհատներ, որոնք նոյնպէս պահածոների, թխւածքների, չիրեղէնների եւ այլ ուտեստների տեսքով վաճառքի էին հանել իրենց միասնական աշխատանքի արդիւնքը:
Դահլիճում աշնան եղանակին յատուկ գեղեցիկ եւ տպաւորիչ յարդարանքը կատարել էր Միութեանս Կենտրոնական վարչութեան կողմից նշանակւած Նոր Տարւայ հանդիսութեան կազմակերպիչ յանձախումբը, ինչը ծառայում էր, որպէս լուսանկարւելու կրպակ: Ամանորի հանդիսութեան յանձնախումբը կազմակերպել էր նաեւ վիճակախաղ:
Յատկանշական է, որ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութիւնը վաճառքից ստացւած հասոյթի մի մասը ուղղելու է հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին վիրաւորւած ազատամարտիկներին օժանդակելու նպատակով Նոր Ջուղայում կեանքի կոչւած՝ Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախմբին:
Անհրաժեշտ է յաւելել, որ այս տարի առաջին անգամը լինելով արտօնւել էր պարսիկ հայրենակիցների մուտքը, ինչը առաւել շահաւէտ դարձրեց Աշնանային վաճառքը:
Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից՝ Երանուշ Թահմազեան