Հինգշաբթի՝ 2014 թւականի մարտի 6-ի երեկոյեան, Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սաները նշեցին Սրբոց Վարդանանց տօնը: Ծրագրին ներկայ էին Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներ, ուսուցիչներ, սաների ծնողները եւ համայնքի անդամները:
Ծրագրի բացումը կատարեց դպրոցի ուսուցչուհիներից տկն. Քարմէն Մատթէոսեանը՝ Վարդանանց ճակատամարտին նւիրւած բանաստեղծութեամբ: Նա իր խօսքում նշեց թէ հայը աշխարհի որ ծայրում էլ որ ապրի՝ պէտք է վառ պահի իր ազգային ոգին ու հայի նկարագիրը՝ պահպանելով իր լեզուն եւ Վարդանանց ոգով ներշնչւելով միշտ պայքարի ազատ ու անկախ ապրելու համար: Ապա բեմ հրաւիրեց օրւայ բանախօս տկն. Վիոլեթ Յարութիւնեանին՝ Վարդանանց շունչը փոխանցելու ներկաներին: Բանախօսն իր խօսքում նշեց. «Երբ խօսում կամ խորհում ենք Վարդանանց մասին, այնտեղ գտնում ենք նահատակութեան, անձնազոհութեան եւ մարտիրոսութեան գաղափարաբանութիւնը, որով դաստիարակւել, դաստիարակւում եւ դեռ պէտք է դաստիարակւեն բազում սերունդներ. որեւէ գոյատեւած ազգ պարտական է իր նախնիների թողած աւանդին, կամքին ու ոգուն. պատմութիւնը չի կերտւում միայն դարերի գումարով, այլ այն կերտւում է քաջարի զաւակների, մեծերի ու ռահվիրաների քաջագործութիւնների եւ սխրագործութիւնների շնորհիւ»: Տկն. Յարութիւնեանն իր բանախօսութեան աւարտին յիշեց այս օրերում հայրենի երկրի սահմանների վրայ գտնւող զինծառայողներին, եւ շեշտեց, որ նրանք եւս մեր հերոսների ժառանգները լինելով՝ իրենց կեանքի գնով են պաշտպանում հայրենականն ու ազգի անվտանգութիւնը, եւ իր խօսքն աւարտեց Հայաստանի Հանրապետութեան հիմնի գեղեցիկ բառերով՝ «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի. բայց երանի՜, որ իւր ազգի ազատութեան կը զոհւի»:
Բանախօսի բովանդակալից արտայայտութիւններից յետոյ, Վարդանանց ոգով լեցուն աշակերտ-ուհիները կատարեցին Սրբոց Վարդանանց եւ հայրենիքին նւիրւած գեղեցիկ խմբերգեր, մեներգեր եւ ասմունքներ: Երգերի ուսուցանումը կատարել էին տկնյք. Ալիս Մկրտչեանը եւ Մառիթա Քէշիշեանը, իսկ սաների հետ նւագակցում էր տկն. Աննա Դանիէլը: Ասմունքողների հետ աշխատել էր տկն. Քարմէն Մատթէոսեանը: Աշակերտները միայն երգերով եւ ասմունքներով չբաւարարւեցին եւ բեմականացրին գեղեցիկ եւ բովանդակալից մի ներկայացում՝ Սրբոց Վարդանանց ճակատամարտի մասին: Սաները գեղեցիկ դերակատարութեամբ Ղեւոնդ Երէցի, Վարդան Մամիկոնեանի եւ քաջարի հայորդիների շունչն ու ոգին ներշնչեցին ներկաներին: Նրանք իրենց ներկայացումով ապացուցեցին, որ դեռ երկա՜ր է հրաշագործելու Սրբոց Վարդանանց հերոսամարտից հաղորդւող լիցքերն ու ապրումները, եւ նրանց անձնազոհութիւնը պէտք է օրինակ դառնայ իւրաքանչիւր հայորդու համար՝ իր ապագան արժանավայել կերպով կերտելու եւ իր կեանքն ապրելու իսկական հայի նկարագրով: Ներկայացման բեմադրիչ եւ սենարիստն էին տկնյք. Վարդուհի Պօղոսեանը եւ Վիոլեթ Յարութիւնեանը, իսկ զգեստների ձեւաւորման, դիմայարդարման եւ բեմայարդարման աշխատանքը կատարւել էր տկն. Անահիտ Այւազեանի միջոցով:
Գեղարւեստական յայտագրից յետոյ, տկն. Քարմէն Մատթէոսեանը շնորհակալական խօսքեր ուղղեց նախ ծնողներին, ովքեր իրենց ջերմ համագործակցութեամբ եւ աշակերտներին խրախուսելով՝ օժանդակեցին օրւայ ձեռնարկի իրականացման աշխատանքներին, բոլոր այն ուսուցչուհիներին, ովքեր ոչ մի ջանք չխնայեցին ձեռնարկը կատարեալ կերպով իրագործելու, դպրոցի Ծնողական խորհրդի անդամներին, ովքեր իրենց համագործակցութեամբ աւելի դիւրին դարձրին աշխատանքը, Արութին Հախնազարեանին՝ ներկայացման ընթացքում երաժշտութեան համադրումները կատարելու համար եւ Մարտիկ Յովհաննիսեանին, ով ծրագրի ամբողջ ընթացքում անթերի ձայն ապահովեց:
Վերջում բեմ հրաւիրւեց հոգշ. Հայր Սուրբը՝ ձեռնարկի փակման խօսքն արտայայտելու համար: Նա շատ գեղեցիկ բնաբանով սկսեց իր խօսքը, ասելով թէ՝ ինչքան էլ օտարի տանը ապրես շքեղ ու փառաւոր կեանքով, միեւնոյնն է՝ երբ չունես քո լեզուն, երբ վտանգւած է քո ազգային գիտակցութիւնն ու դիմագիծը, նոյն ծառան ես եւ օտարի ստրուկը, եւ նշեց, որ Վարդանանք այս ոգով գնացին դէպի Աւարայր, մահ ու նահատակութիւն՝ փաստելու համար թէ քրիստոնէութիւնը մեզ համար զգեստ չէ, այլ՝ մաշկի գոյն: Հոգշ. Հայր Սուրբն ընդգծելով ասաց, որ Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցին քարոզել եւ քարոզում է Սրբոց Վարդանանց հաւատարմութիւնը հանդէպ քրիստոնէութեան, որի շնորհիւ այսօր մենք ապրում ենք հայօրէն եւ աստւածապաշտութեամբ: Նա գնահատեց աշակերտների եւ իրենց ուսուցիչների տարած աշխատանքը օրւայ ձեռնարկն իրականացնելու համար եւ շեշտեց, որ սաների կատարած ոգեշնչող երգերի եւ գեղեցիկ ներկայացման միջոցով Սրբոց Վարդանանց հերոսամարտի պահերը վերապրեցին բոլորը: