Սպահանի Քաղաքապետարանի Կենտրոնական գրադարանի տնօրէնութեան հրաւէրով, Ս. Ա. Վանքի արխիւատան եւ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատուներ` Թովմա Գալստանեանը եւ Վերգինէ Միրզախանեանը, կիրակի` հոկտեմբերի 14-ի առաւօտեան, այցելութիւն կատարեցին Կենտրոնական գրադարան, որտեղ հանդիպում ունեցան Կենտր. գրադարանի տնօրէն պրն. Քէշանիի, գրադարանի Հանրային կապի եւ միեւնոյն ժամանակ գրադարանի երեկոյեան ժամերի պատասխանատու պրն. Ռամեզանիի հետ:

Հանդիպման սկզբում նախ երկու կողմերը շնորհակալական խօսք ուղղեցին միմեանց՝ հրաւէրի եւ դրան ընդառաջելու կապակցութեամբ, այնուհետեւ քննարկում տեղի ունեցաւ երկու գրադարանների աշխատանքային սահմանների ու հնարաւորութիւնների մասին, որի ընթացքում տնօրէնները ցանկութիւն ու պատրաստակամութիւն յայտնեցին նիւթերի փոխանակման ու առաւել համագործակցութիւնների առաջացման ուղղութեամբ:

Տնօրէնի եւ փոխ-տնօրէնի ընկերակցութեամբ այցելութիւն տրւեց  գրադարանի գրեթէ ամբողջ բաժինները եւ տեղեկութիւններ փոխանցւեց ընթերցասրահների, գիրք պատւիրելու ձեւերի, գրքի որոնման ծրագրի եւ այն ստանալու միջոցների մասին:

Խումբն այցելեց նաեւ գրքերի թւայնացման եւ էլեկտրոնային տարբերակների ստեղծման բաժին, որտեղ գրքերը աւելի հեշտ եւ հասանելի են դառնում բոլորի համար, անկախ գտնւելու վայրից:

Առիթ ստեղծւեց այցելել գրադարանի ձեռագրերի եւ արխիւների պահպանման բաժին, որտեղ յատուկ պայմանների ներքոյ պահւում են հնատիպ ու արժէքաւոր գրքերը:

Հանդիպման աւարտին՝ փոխյարաբերութիւններն ընդլայնելու նպատակով, պայմանաւորւածութիւն ձեռք բերւեց յաջորդ հանդիպումը տեղի ունենայ Ս. Ա. Վանքում: