Ն․ Ջ․ Հայ Մ․ Մ․ «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ եւ տեղի Հայ համայնքի վարչութեան համագործակցութեամբ, ուրբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 19-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, կազմակերպւել էր ձեռնարկ միութեան «Արամ Մանուկեան» սրահում: Երեկոյին ներկայ էին գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, արժն․Տ․Սահակ քհնյ. Մինասեանը, թեմի ազգային մարմինների, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան, Հայ Դատի յանձնախմբի, Ն․Ջ․ Հայ Մ. Մ․ «Արարատ» միութեան Կենտ․վարչութեան եւ Շահինշահրի հայոց ազգային դպրոցների ու միութիւնների ներկայացուցիչներն ու հոծ թւով ժողովուրդ:
Սկզբում բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Ադենա Մուրադեանը, որից յետոյ ներկաները ծափերով իրենց յարգանքի տուրքը մատուցեցին մեծագոյն հայ, շանսոնիէ Շառլ Ազնաւուրին:
Բանախօսութեան ելոյթ ծաւալեց Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի եւ միեւնոյն ժամանակ մասնաճիւղի վարչութեան անդամուհի Վարդուհի Պօղոսեանը, ով անդրադառնալով հայոց լեզւի եւ հայ գրերի գիւտին, նշեց. «Մեսրոպ Մաշտոցի հրաշափառ ստեղծագործութիւնը այնքան կատարեալ էր, որից յետագայում ստեղծւեցին երկու կատարեալ լեզուներ՝ արեւելահայերէնն ու արեւմտահայերէնը»: Խօսքի մի այլ բաժնում բանախօսն անդրադառնալով հայ ուսուցչի դերին՝ ընդգծեց. «Ի տարբերութիւն այլ ազգերի ուսուցիչների, հայ ուսուցիչը եւ յատկապէս սփիւռքահայ ուսուցիչն ունի երկու առաքելութիւն՝ կրթելը եւ դաստիարակելը: Նա պէտք է. դաստիարակի հայրենիքի համար գիտակից ու պարտաճանաչ քաղաքացիներ եւ հայ ազգային կեանքով ապրող ու շնչող եւ քրիստոնէական հաւատով լի անձնաւորութիւններ»:
Գեղարւեստական բաժնում Նարբէ Գրիգորեանի ղեկավարութեամբ երեք խմբային երգով ելոյթ ունեցաւ Շահինշահրի հայ համայնքի Վարչութեան «Նարօտ» երգչախումբը, ասմունքներով հանդէս եկան՝ Ռազմիկ Մարկոսեանը, Ժաննա Շահբազեանը, Ադանա Այւազեանը եւ Լիլիան Ծառուկեանը, իսկ միութեան «Յակոբ Պարոնեան» թատերախմբի անդամներ՝ Ռազմիկ Մարկոսեանը, Սարօ Ծառուկեանը եւ Մայիս Խանմելիքեանը, ներկայացրին «Ատամնաբուժը» մնջախաղը: Մնջախաղի գեղարւեստական ղեկավարն էր Ռազմիկ Մարկոսեանը:
Վերջում «Սարդարապատ» եւ «Էնզելի» պարային կատարումներով գեղարւեստական շարանը եզրափակեց մասնաճիւղի նորակազմ պարախումբը՝ պարուսոյց Ալինա Գրիգորեանի ղեկավարութեամբ:
Երեկոյի փակման խօսքն ասաց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ով հայ ազգի ու եկեղեցու կարեւորագոյն տօներից համարելով Թարգամնչաց տօնը, ընդգծեց, թէ հայկական մշակոյթի պահպանելը իւրաքանչիւրիս պարտականութիւնն է, որի համար անհրաժետ է ունենալ ազգային մաքուր դիմագիծ: Հայր Սուրբը կոչ արեց բոլորին՝ մասնակցելով ազգային, հոգեւոր եւ միութենական աշխատանքներին ու միջոցառումներին՝ ապրել եւ արժէքաւորել հայ մշակոյթը, եկեղեցին ու հայոց պատմութիւնը: Նա վերջում շնորհաւորելով հայ ուսուցչի տօնը՝ կազմակերպիչների կողմից նախատեսւած ծաղիկները նւիրեց համայքի հայոց ազգային դպրոցների տեսչութեանը եւ ուսուցչական կազմին, ինչպէս նաեւ երեկոյի գեղարւեստական ղեկավարներին:
Յատկանշական է, որ միութեան փոքր սրահում դարձեալ մասնաճիւղի Մշակութային միաւորի կազմակերպութեամբ իրականացւել էր համայնքի տաղանդաւոր երիտասարդ-ուհիների նկարչութիւններից ցուցահանդէս:
Թղթակից (Շահինշահր)