Հինգշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 11-ի երեկոն, յատուկ նշանակութիւն ունեցաւ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտների եւ պատասխանատուների համար, քանի որ այդ օրը աւարտական միջոցառմամբ իրենց դպրոցական տարիներին հրաժեշտ տւեցին 2017-2018 թթ. ուսումնական տարեշրջանի շրջանաւարտ աշակերտ-ուհիները:
Հանդիսաւոր այս ձեռնարկին, որը տեղի ունեցաւ ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ազգային մարմինների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչները, դպրոցի անձնակազմն ու շրջանաւարտների հարազատները:
Ծրագրի բացումը կատարւեց աշակերտներ՝ Արփինէ Մովսիսեանի եւ Դւին Յովհաննիսեանի հանդիսավարութեամբ, ինչպէս նաեւ դպրոցի երգչախմբի կատարումներով՝ ղեկավարութեամբ երգուսոյց Նարբէ Գրիգորեանի:
Այնուհետեւ բեմը տրամադրւեց շրջանաւարտ աշակերտ-ուհիներին, ովքեր սրահը ողողեցին իրենց յուզախառն, հետաքրքիր եւ երախտագիտութեան ու ընկերասիրութեան բուռն զգացումներով համեմւած խօսքերով, ինչպէս նաեւ երգերով ու պարերով:
Շրջանաւարտները ընթացքում ներկայացրին միմեանց յատկապէս ընդգծելով իւրաքանչիւրի բնաւորութեան գծերը, նախասիրութիւններն ու յաջողութիւնները եւ ամենակարեւորը, այն յատկութիւնները, որոնց շնորհիւ տւեալ անձը փայլում է իր ընկերական շրջանակում, իսկ հայ ուսուցչին ու հայկական դպրոցին ձօնւած սրտաբուխ խօսքերով իրենց երախտագիտութիւնը յայտնեցին իրենց վարժարանին ու ուսուցիչներին՝ միաժամանակ ծաղիկներ նւիրելով սրահում ներկայ բոլոր ուսուցիչներին:
Երգի մենակատարմամբ հանդէս եկան Լուսիա Մատթէոսեանն ու Լուսիա Գալստանեանը, իսկ Նարին Մասիհիի կիթառի նւագակցութեամբ զուգերգեցին Լիլիան Ալեքսանդրեանն ու Վահագն Հայրապետեանը: Խմբական կատարմամբ հնչեց «Վերջին զանգը» երգը եւ իրագործւեցին երեք պարային համարներ՝ «Վալս»-ը, «Քոչարի»-ն ու ժամանակակից պարը:
Գեղարւեստական ելոյթների աւարտին շրջանաւարտները ծաղկեփնջեր նւիրեցին դպրոցի փոխ-տնօրէններ՝ Ռիմա Սիմոնեանին եւ Վահիկ Թորոսեանին՝ ի երախտագիտութիւն ամբողջ անձնակազմի կատարած նւիրական եւ ջանադիր աշխատանքի:
Հարկ է նշել, որ պարային ելոյթները ղեկավարել էին՝ պարուսոյց Նունէ Մկրտչեանն ու փորձավար Քրիստինէ Յակոբեանը, իսկ ծրագրի գեղարւեստական ղեկավարներն էին՝ դպրոցի փոխ-տնօրէն Ռիմա Սիմոնեանը եւ ուսուցչուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը:
Այնուհետեւ պաստառի վրայ ցուցադրւեց շրջանաւարտների ուսումնական տարիներից լուսնակարների շարան, որից յետոյ արտայայտւեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ով որպէս ուսուցիչ տարիներ դասաւանդել է համայնքի միջնակարգ դպրոցներում: Հայր Սուրբն իր խօսքում նշելով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինումով նոր առաքելութիւն ստանձնելու համար շուտով թողնելու է Սպահանի հայոց թեմը եւ սա վերջին անգամն է լինելու, որ որպէս այս դպրոցի ուսուցիչ ելոյթ է ունենում, «Քանանեան-Կատարինեան» դպրոցում ստացած գուրգուրանքը, սէրն ու փորձառութիւնը անջնջելի համարեց իր յուշերից ու կեանքից: Դպրոցի տնօրինութեանը, ուսուցչական կազմին եւ Կրթական խորհրդին ուղղւած երախտիքի խօսքից յետոյ նա դիմեց շրջանաւարտներին եւ նշելով, որ նրանք կեանքի նոր ասպարէզ են մտնում նոր տեսիլքներով, որոշումներով, մտածումներով եւ յատկապէս նւիրումով, աւելացրեց, թէ շրջանաւարտները ապագայից վախ չունեն, քանի որ դպրոցում նրանց մէջ սերմանւած սերմերը մինչեւ վերջ նրանց հետ են լինելու՝ որպէս օրինակ ու հայի նկարագիր:
Պատգամի աւարտին դպրոցի տնօրինութեան կողմից յուշանւէր յանձնւեց Հայր Սուրբին:
Յաջորդիւ երդման արարողութեան բառերն արտասանեց Մանէ Յովսէփեանը, իսկ ձեռամբ Սրբազան Հօր, Հայր Սուրբի, ազգային մարմինների ներկայացուցիչների եւ դպրոցի տնօրինութեան ու հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչների շրջանաւարտներին յանձնւեցին գնահատագրեր ու վկայագրեր: Վկայականաբաշխման արարողութեանը զուգահեռ ընթերցւեցին շրջանաւարտների յաջողութիւններն ու ձեռքբերումները՝ զանազան բնագաւառներում:
Յանուն թեմի Կրթական խորհրդի արտայայտւեց Նարբէ Ջարդն Դաւուդը, ով շնորհաւորելով առիթի կապակցութեամբ, նշեց հայ դպրոցի կարեւոր դերը լեզւի պահպանման ու հայի նկարագրի կերտման ուղղութեամբ եւ աւելացրեց, որ ընտանիքից յետոյ հայկական վարժարաններում է արմատաւորւում ազգային գիտակցութիւնը: Նա իր խօսքի շարունակութեան մէջ անդրադառնալով անցնող տարիների ընթացքում դպրոցների բարգաւաճման եւ մակարդակի առաւել բարձրացման ուղղութեամբ թեմի ազգային իշխանութեան եւ Կրթական խորհրդի կատարած աշխատանքներին՝ մասնաւորապէս նշեց այս շրջագծում կարեւորագոյնները՝ միջնակարգ դպրոցների երկսեռ դարձնելը, ուսուցիչների համար կազմակերպւած վերապատրաստման դասընթացները եւ նոր ուժերով դպրոցների ուսուցչական կազմերի համալրումը:
Ապա ուսուցչուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը հանդէս եկաւ շնորհակալական խօսքերով ուղղւած՝ առաջնորդ Սրբազան հօրը, Հայր Սուրբին, թեմի ազգային իշխանութեանը՝ ի մասնաւորի Կրթական խորհրդին, դպրոցի անձնակազմին, ծնողներին եւ տարիների շրջանաւարտներին՝ զանազան միջոցներով դպրոցին հովանաւորելու համար: Շնորհակալական խօսքով ու յուշանւէրով գնահատւեց Կրթական խորհրդի նախկին գործավար եւ գրասենեակի պատասխանատու Մադլէն Ղարիբեանը:
Երեկոն եզրափակւեց թեմակալ առաջնորդի օրհնաբեր պատգամով: Նա սկզբում շնորհաւորանքի խօսք ասաց օրւայ առթիւ, ինչպէս նաեւ Հայ ուսուցչի տօնի կապակցութեամբ, ապա նշելով, որ շրջանաւարտներն այս պահից ոչ թէ հայկական վարժարանի աշակերտներ են, այլ հայկական վարժարանի դեսպաններ, աւելացրեց, թէ նրանք որտեղ էլ որ լինեն՝ որպէս շնչաւոր եւ կենդանի գովազդներ ներկայացնելու են այն հայեցի դաստիարակութիւնը, որն ստացել են այս վարժարանում եւ բոլորը նրանց դիտելով, դրական տպաւորութիւն են կազմելու Սպահանի հայ համայնքի ու հայ վարժարանների նկատմամբ:
Սրբազան Հայրը շրջանաւարտներին կոչ արեց պահպանել միմեանց հետ ունեցած մտերմութիւնը եւ մաղթեց, որ հայ վարժարանի իսկական արժէքը յաւերժական դառնայ իրենց մտքում ու սրտում:
Խանդավառ ու միեւնոյն ժամանակ յուզախառն պահերով յագեցած երեկոն եզրափակւեց աւարտական գլխարկների վեր նետման աւանդոյթ դարձած արարողութեամբ ու ծնողական խորհրդի կազմակերպած ընդունելութեամբ:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան