Շաբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 13-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ, Ս. Եւ Անմահ Պատարագ մատուցւեց, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի: Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը:
Պատարագին մասնակցում էին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, եկեղեցական դասը եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:
Աւանդոյթի համաձայն ներկաների շարքերում էին նաեւ հայոց ազգ. դպրոցների սաները՝ «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի 5-րդ եւ 6-րդ դասարանների եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիները:
Օրւայ քարոզը փոխանցեց թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը, ով հիմնականում իր պատգամն ուղղելով ներկայ աշակերտութեանը, անդրադարձաւ Մեսրոպ Մաշտոցի կեանքին եւ հայոց այբուբենի յօրինմանը եւ յորդորեց. «Սիրելի աշակերտ-ուհիներ, դուք ոչ միայն Մեսրոպ Մաշտոցի հարազատ զաւակներն էք, այլեւ հաւատարիմ զինւորները: Ձեր պարտականութիւնն է լաւ սովորել հայերէնը եւ պահելով, պահպանելով ու մշակելով մեր մայրենի լեզուն, այն լաւ ձեւով յանձնել ապագայ սերունդներին: Եղէք Մեսրոպ Մաշտոցի եւ հայկական վարժարանի զօրաւոր հաւատարիմ զինւորները»:
Պատարագից յետոյ «Քանանեան-Կատարինեան» դպրոցի տնօրինութիւնը, ուսուցչական կազմը, ծնողական խորհուրդն ու աշակերտ-ուհիները բոլորւեցին վանքի շրջափակում գտնւող «Քանանեան» դպրոցի հիմնադիր՝ Վառվառէ Քանանեանի շիրիմի մօտ, ուր ծաղիկներ զետեղեցին եւ միասնաբար աղօթեցին՝ բարերարի հոգու խաղաղութեան համար:
Այնուհետեւ թեմակալ առաջնորդի գլխաւորութեամբ վանքի արեւելեան բակում համախմբւեցին Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, թեմի հոգեւորականաց դասն ու ազգային մարմինների ներկայացուցիչները, դպրոցների պատասխանատուները եւ աշակերտներն ու հոծ թւով ժողովուրդ, որտեղ իրականցւեց աշակերտական ելոյթներով յագեցած ամենամեայ միջոցառումը:
Սկզբում որպէս հանդիսավար ներկաներին ողջունեց «Քանանեան-Կատարինեան»-ի աշակերտ Դւին Յովհաննիսեանը, որից յետոյ առիթին պատշաճ ասմունքով ու երգով հանդէս եկան Նոր Ջուղայի հայոց ազգ. նախակրթարանի սաները:
«Արմէն» կրթահամալիրի աշակերտներ՝ Էմմի Մկրտչեանը, Վահագն Մինասեանը, Սէրլի Շահմիրզայեանը, Անդրու Վարդումեանը, Էմիլի Նաւասարդեանն ու Էրիկ Ղազարեանը ասմունքեցին Սահեանի հեղինակութեամբ «Բարբառ մայրենի»-ն, իսկ «Քանանեան-Կատարինեան» դպրոցների աշակերտներ՝ Լիլիթա Յովսէփեանը, Վանա Չաքէրեանը եւ Արթուր Քամարզարեանը ասմունքեցին գիր ու գրականութեան թեմայով տարբեր բանաստեղծութիւններից հատւածներ:
Յաջորդիւ Ս. Ա. Վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» եւ դպրոցների գրադարանների գրադարանավարուհիներ՝ Վերգինէ Միրզախանեանի, Կարին Տէր-Մարտիրոսեանի եւ Այիդա Ալեքսանդրեանի միջոցով գնահատագրեր շնորհւեցին ամենաընթերցասէր աշակերտ-ուհիներին:
Թղթակից (Նոր Ջուղա)