Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ թւականիս հոկտեմբերի 12-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ մանկական տօնահանդէս՝ նւիրւած Հայ Մշակոյթի եւ Թարգմանչաց տօներին:
Միջոցառումը յագեցած էր բեմային ծրագրով, բազմատեսակ խաղերի, մանկական գրքերի, խաղալիքների, մանկական դիմայարդարման, հարցաթերթիկների, լուսանկարչական եւ այլ հետաքրքիր կրպակներով, ինչպէս նաեւ անուշահամ ուտեստների մատակարարումով:
Բեմային ծրագիրը սկսւեց Նելի Ղազարեանի եւ Սինթիա Պօղոսեանի մանկական երգի կատարմամբ, որից յետոյ ներկաներին ողջունեցին եւ բարի ժամանց մաղթեցին հանդիսավարուհիներ՝ Նազէ Ասատրեանը եւ Անի Ղազարեանը: Բեմային ծրագիրը շարունակւեց երգերով ու բառակազմութեան եւ գրական հետաքրքիր մրցոյթներով:
Զւարճալի եւ խանդավառ մթնոլորտում իրականցւած երեկոյի նախաձեռնողը եւ կազմակերպիչը միութեան Մշակութային միաւորի Վարչութիւնն էր, որին անվերապահ համագործակցութիւն էին ցուցաբերել «Կռունկ» համոյթի պատասխանատուներն ու անդամները եւ նրանց ծնողները, նաեւ մի շարք միութենականներ եւ անհատներ:
Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից՝ Երանուշ Թահմազեան