Նախաձեռնութեամբ Սպահանի Հայոց թեմի Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի եւ հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի, կիրակի՝ 7 հոկտեմբեր 2018 թւականի առաւօտեան, զբօսաշրջութեան ոլորտի ուղեցոյցների համար, բաց երկնքի տակ թանգարան համարւող Նոր Ջուղայի հայոց գերեզմանատանը տեղի ունեցաւ վերապատրաստման դասընթաց։
Մասնակից ուղեցոյցներին լայն տեղեկութիւններ փոխանցեցին Արգին Աբնուսեանը եւ թեմի Հայոց գերեզմանատան բարեզարդման մարմնի անդամ Արման Սիմոնեանը։ Վերջիններս նախապէս մշակւած քարտէզի հիման վրայ ուղեցոյցների հետ շրջեցին գերեզմանատան տարածքում եւ ծանօթացրին թաղւած անւանի հայ եւ օտարերկրացի ննջեցեալներին՝ Նոր Ջուղայի պատմաբան Յարութիւն Տէր-Յովհանեանին, Ս. Ամենափրկիչ վանքի եկեղեցու նկարչութիւնների հեղինակներից Յովհաննէս Տիեզերալոյսին (Մրքուզ), թառ նւագարան պատրաստող Յովհաննէս Աբգարեանին, Կարապետ Արքեպիսկոպոսին (ձագյարոյց), Ղաջարների թագաւորութեան ժամանակաշրջանի ճարտարագէտ եւ լուսանկարիչ Էռնեստ Հոլթսերին, Սեֆեւեան թագաւորական ընտանիքի գլխաւոր ժամագործ Ժաքոբ Ռուսոյին եւ ժամագործ Ռուդոլֆ Շթոդլերին ու մի շարք այլ հանրայայտ անձանց շիրիմներին, որտեղ էլ փոխանցեցին նրանց կենսագրականները:
Յատկանշելի է, որ վերջերս յայտնաբերւել են շուրջ կէս մետր գետնի տակ գտնւող՝ Սեֆեւեան ժամանակաշրջանին պատկանող հին գերեզմաններ, որոնք կը ներառւեն գերեզմանատան զբօսաշրջութեան քարտէզում։
Աւելացնենք, որ ծրագրի իրականացմանը մեծապէս նպաստել է Հայոց գերեզմանատան բարեզարդման մարմինը: