Երաժշտութիւնն արւեստի այն եզակի ոլորտներից է, որը դիւր է գալիս մարդ արարածին՝ անկախ նրա տարիքից ու սեռից: Երաժշտութիւն ունկնդրելը կամ նւագելը ոմանց համար ուղղակի հոբի է, իսկ ոմանց համար՝ մասնագիտութիւն, սակայն անկախ ամէն ինչից, չի կարելի ժխտել այն անասելի բաւականութիւնն ու անդորրը, որն ստացւում է սիրելի երաժշտական համարը լսելիս կամ կատարելիս: Կարծես այդպիսով մարդը կտրւում է աշխարհից, առօրեայ հոգսերից ու խնդիրներից:
«Երաժշտութիւնը բարձրագոյն արւեստներից է, որը մաքրում ու պայծառացնում է հոգին, իսկ եթէ այն հէնց մանուկ հասակից է մերւում հոգու հետ, լայն դերակատարութիւն է ունենում անձի անհատականութեան ձեւաւորման մէջ». հէնց այս նախադասութիւններով է սկիզբ առել մայեստրօ-երաժիշտ Համիկ Ալեքսանդրեանի հեղինակութեամբ լոյս ընծայած «Թռիչք դաշնամուրի հետ» (پرواز با پیانو) գրքի նախաբանը, որն ուսուցողական յարմար ձեռնարկ է դաշնամուրով նւագել սովորող մանուկների ու պատանիների համար:
Ստեղծագործական բուռն ձիրքի տէր այս երիտասարդ հեղինակը, վերջին տարիներին մեծ ճանաչում է գտել արւեստասէր եւ արւեստագէտ խաւի մօտ, ի մասնաւորի իր «Թիթեռնիկների պարը» (رقص پروانه ها) եւ «Ծաղիկների շշունջը» (زمزمه گلها) դաշնամուրային կատարումներից բաղկացած հեղինակային ձայնասկաւառակների եւ փոփ երգերի երաժշտութիւնների դաշնամուրային վերամշակւած մեղեդիների հաւաքածու «Կապոյտ երկինք» (آسمان آبی) գրքի շնորհիւ:
Համիկ Ալեքսանդրեանը լինելով մի անձ, ով նւագել է սկսել մանուկ հասակից ու լաւապէս ծանօթ է այն խանդավառ աշխարհին, որը երեխաների առջեւ է բացւում հէնց երաժշտութեան միջոցով, եւ յատկապէս լինելով երկու մանուկների հայր, ով վաղուց նկատել է, թէ շուկայում բաւարար չեն փոքրիկների համար նախատեսւած դաշնամուրի ուսուցողական նիւթերը, 2016 թւականից ձեռնամուխ եղաւ կազմել այս գիրքը:
Գրքի շարանը բաղկացած է երեք հատորներից եւ իւրաքանչիւր հատորն ունի 30 կարճ ու պարզ մեղեդիներ. մեղեդիների համար նկատի են առնւել գրաւիչ թեմաներ, ինչը սովորելն առաւել հաճելի է դարձնում փոքրիկների համար: Առաջին հատորում ներառւած են համեմատաբար աւելի հեշտ երաժշտութիւններ եւ սկսնակները սովորելու ընթացքում որեւէ բարդութեան չեն հանդիպելու: Իւրաքանչիւր հատորին կցւած է մի ձայնասկաւառակ, որտեղ պատկան մեղեդիները կարելի է ունկնդրել՝ հեղինակի կատարմամբ:
Թէեւ գրքերի այս շարանը նախատեսւել է մատաղ սերնդի համար, սակայն այն հիանալի ուսուցողական ձեռնարկ է, որն անկախ տարիքից բոլորի առջեւ բացում է երաժշտութեան աշխարհի դռները:
«Թռիչք դաշնամուրի հետ» գիրքը կազմւել է ամենայն բծախնդրութեամբ ու համապատասխանում է դաշնամուրային կատարողական տեխնիկային:
Թղթակից (Նոր Ջուղա)