Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, նոր ուսումնական տարեշրջանի առթիւ, Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի սրահում համախմբւել էին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանը, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Թեմական ու Կրթական խորհուրդների եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, դպրոցի աշակերտ-ուհիները, տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողները:
Սկզբում ելոյթ ունեցաւ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանը, ով շնորհակալական խօսքեր ուղղելով Կրթական խորհրդին ու դպրոցի անձնակազմին, փոխանցեց իր բարեմաղթանքներն ու շնորհաւորանքները, ապա յորդորեց ուսման կողքին միմեանց սիրել ու օգնել: Ապա շնորհաւորանքներով ու բարեմաղթանքներով հանդէս եկաւ Թեմական խորհրդի անդամ դոկտ. Նորայր Թումանեանը, որից յետոյ յանուն Կրթական խորհրդի արտայայտւեց Սաթենիկ Աւետումեանը, ով բարձր գնահատելով հայկական դպրոցներում կրթւելը, քաջալերեց աշակերտներին եւ բարի երթ մաղթեց նրանց ուսման ճանապարհին:
Ընթացքում դպրոցի աշակերտները երգերով ու ասմունքներով ելոյթ ունեցան, իսկ դպրոցի տեսչութեան կողմից գնահատագիր շնորհւեց հանգստի կոչւած հայոց լեզւի ուսուցչուհի Անահիտ Այւազեանին: Վերջում բոլորը միասնաբար աղօթք բարձրացրին առ Աստւած եւ հնչեց ուսումնական տարեշրջանի առաջին զանգը:
Հայր Սուրբի գլխաւորութեամբ ազգայինների պատւիրակութիւնը ներկայացաւ նաեւ Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարան, ուր եւս տեղի ունեցաւ վերամուտի հանդիսութիւն: Ներկաներին ողջունեց դպրոցի տեսչուհի Կարինէ Մինասքանեանը, ով յոյս յայտնեց նոր ուսումնական տարեշրջանը յաջողութիւններով լի տարի է հանդիսանալու:
Վերջում սաներն արտասանեցին “Տէրունական աղօթք”-ը, իսկ Հայր Սուրբը հնչեցրեց դպրոցական առաջին զանգը:
Թղթակից (Շահինշահր)
Լուսանկարները տրամադրեցին Սեւադա Իսաղուլեանն ու Միրօ Յովհաննիսեանը