Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի եւ Լիսբոնում զոհւած հինգ անձնազոհ մարտիկների նահատակութեան 35-ամեակի առիթները նորջուղայեցի երիտասարդներ՝ Արմօ Մինասեանի ու Թէոդիկ Շահիջանեանի համար խթան հանդիսացան իրականացնելու իւրօրինակ ծրագիր՝ դէպի Երեւան տանող հեծանւարշաւ, որն իրագործւեց հենց այս երկու ընկերների միջոցով:
Սիրողական հեծանւորդներն իրենց արշաւն սկսեցին Իրան-Հայաստան սահմանից՝ «Նորդուզ»-ից, 2018 թւականի յուլիսի 25-ին: Նրանք յաղթահարելով բնութեան ու ճանապարհային անբարենպաստ պայմանները, սահմանից Երեւան տանող 530 կիլոմետրանոց ճանապարհը յաջողեցին հատել՝ չորս օր շարունակ հեծանիւ վարելով: Տղաներն իրենց հետ կրում էին արշաւի նպատակը բացատրող պաստառներ:
Արմոյի եւ Թէոդիկի այս նախաձեռնութեան վերջին կանգառն էր Երեւանի մետրոյի «Հանրապետութեան հրապարակ» կայարանի վերգետնեայ տարածքը, որտեղ վերջերս տեղադրւեց Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանը: Գիտակից երիտասարդներն իրենց արշաւը եզրափակեցին գաղափարական եւ հայրենասէր այս մարդու յիշատակին յարգանքի տուրք մատուցելով:
Հարկ է նշել, որ Արմօ Մինասեանի եւ իր աւագ եղբօր Ռուբէն Մինասեանի գեղեցիկ մտայղացմամբ թւայնացւել են հին եւ մշակութային արժէք ներկայացնող 35 հայերէն գրքեր. գրքերի թւայնացւած տարբերակը նւիրւելու է Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի խմբագրութեանը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակի եւ Լիսբոնեան ակտի 35-ամեակի առիթներով:
Թղթակից (Նոր Ջուղա)