Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, երեքշաբթի եւ չորեքշաբթի՝ 2018 թւականի յունիսի 26-ին եւ 27-ին, աշակերտական միօրեայ ճամբարներ տեղի ունեցան «Քանանեան» դպրոցի նախկին շէնքում՝ նւիրւած ՀՀ հիմնադրման 100-ամեակի պանծալի առիթին:

Երեքշաբթի օրւայ ճամբարին, որի մեկնարկը տրւեց առաւօտեան ժամը 9-ին, մասնակցել էին Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգ. տարրական վարժարանների՝ «Արմէն» երկսեռ կրթահամալիրի եւ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սաները: Կազմակերպիչներից ու աշակերտներից բացի ծրագրի պաշտօնական բացումին ներկայ էին ազգային մարմինների եւ ՀՀ  հիմնադրման 100-ամեակի թեմի Կենտ. յանձնախմբի ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի ենթայանձնախմբերի ներկայացուցիչներն ու հայոց ազգային դպրոցների տնօրէնները:

ԲացմաՆ հանդիսութիւնն սկիզբ առաւ Կրթական խորհրդի ատենապետուհի Մագարիտ Դաւթեանի խօսքով, ով ողջունելով ներկաներին, կարեւորութեամբ ասաց, թէ ճամբարի կազմակերպման նպատակներն են՝ աշակերտներին ՀՀ հիմնադրման պատմութեանն առաւել ծանօթացնելն ու նրանց մէջ միասնական աշխատանքի ոգու եւ ընկերասիրութեան զգացումն աւելի խորացնելը: Նա յաջողութիւն մաղթելով ճամբարականներին ցանկացաւ, որ օրն ընթանայ արդիւնաւէտ եւ խանդավառ մթնոլորտի ներքոյ:

Արտայայտւեց նաեւ թեմի Պատգամաւորական ժողովի եւ միեւնոյն ժամանակ ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի ատենապետ Թաթուլ Օհանեանը. նա նոյնպէս մասնակիցներին յաջողութիւն մաղթեց եւ ցանկացաւ, որ մատաղ սերնդի սէրն առ հայրենիք օրըստօրէ բազմապատկւի եւ նրանք միշտ լինեն հայրենիքին ու հայ ժողովրդին նւիրւած հայորդիներ:

Բացման ծրագիրն առաւել յիշարժան դարձաւ ՀՀ օրհներգի եւ «Սարդարապատ» երգի ունկնդրութեամբ, եռագոյն դրօշի գոյներով փուչիկների երկինք արձակումով ու խմբական լուսանկար կատարելով:

Շարունակութեան մէջ ճամբարականներն ու հիւրերը միասին նախաճաշեցին, ապա ծրագրի համաձայն իրականացւեցին դասարանները, աշխատանոցներն ու զւարճալի խաղ-մրցոյթները: Այս ծիրում երեխաները սովորեցին հայկական պարեր ու երգեր, պատրաստեցին հայկական խորհրդանիշների պատկերներով փազելներ եւ զբաղւեցին ֆիզիքական ու մտային հաճելի խաղերով: Ծրագիրը եզրափակւեց խրախճանքով, երեկոյեան ժամը  5-ին:

Չորեքշաբթի օրւայ միջոցառումն սկիզբ առաւ երեկոյեան ժամը 5-ին, մասնակցութեամբ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի աշակերտ-ուհիների: Բացման ծրագրում ողջոյնի եւ խրախուսիչ խօսքերով ելոյթ ունեցաւ Կրթական խորհրդի ատենապետուհին, ապա ինչպէս նախորդ օրը հնչեցին ՀՀ օրհներգն ու «Սարդարապատ» երգը եւ պահը յաւերժացաւ խմբական լուսանկարով:

Ծրագրում տեղ էր գտել talk show. սոյն զրոյցը շատ հետաքրքիր վարեց Թեմական խորհրդի անդամուհի Սոնիկ Բաղումեանը, ով աշակերտներին մղեց մտածել՝ եթէ իրենք հայկական կառավարութեան անդամ լինէին կամ ղեկավար դիրքեր զբաղեցնէին ինչե՞ր կիրագործէին երկրի բարգաւաճման ուղղութեամբ: Պատանի ներկաներն իրենց հետաքրքիր, նոր եւ կառուցողական մտքերով ու առաջարկներով առաւել արդիւնաւէտ դաձրին այս զրոյցը: Իրականացւեց նաեւ մի ուսուցողական աշխատանոց, որտեղ մասնակիցները սովորեցին պատրաստել համեղ ուտելիքներ եւ ըմպելիքներ: Ճամբարն աւարտւեց ուշ երեկոյեան՝ ժամը 11-ին, ընթրիքով ու խրախճանքով:

Որպէս հաղորդավար՝ զոյգ ճամբարները վարեցին Վանա Շիրւանեանն ու Վանանդ Իսաղուլեանը:

Հարկ է նշել, որ միջոցառման կազմակերպման գործը վստահւել էր Կրթական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբին, որի հետ սերտ համագործակցութիւն էին ցուցաբերել դպրոցների ծնողական խորհուրդներն ու մի շարք անհատներ:

Միջոցառումները հովանաւորւել էին ՀՀ հիմնադրման 100-ամեակի թեմի Կենտ. յանձնախմբի կողմից:


Թղթակից (Նոր Ջուղա)