Երեւանի «Ս. Յովհաննէս» եկեղեցու ծխատէր քահանայ հայր, արժ. Տ. Տիրայր աւ. քհնյ. Սաիրադեանը, 10 տարի է ինչ ուխտագնացութիւն է կազմակերպում դէպի Իրան՝ ս. Թադէոս վանքի տարեկան եռօրեայ արարողութիւններին մասնակցելու նպատակով, իսկ վերջին հինգ տարիներին, քահանայ հօր գլխաւորած ուխտաւոր խումբը ս. Թադէոս վանքի տօնից օրեր առաջ է ժամանում  Իրան՝ երկրի հայ համայնքներ այցելելու եւ պատկան սրբավայրերը մօտիկից տեսնելու համար: Մինչեւ այսօր խումբը եղել է Ռաշտում, Անզալիում, Նոր Ջուղայում, Սպահանի Փերիոյ գաւառի գիւղերում եւ մի քանի այլ հայաբնակ շրջաններում, իսկ այս տարի՝ Շիրազում:

Իրականացւած ուխտագնացութիւններն առաւել խորհրդաւոր են դարձել յատկապէս արժ. Տ. Տիրայր աւ. քհնյ. Սաիրադեանի ձեռամբ իրանահայ համայնքների եկեղեցիներում  մատուցւած Ս. եւ անմահ պատարագի շնորհիւ: 

Այս տարի ուխտաւոր խմբին մաս էին կազմել 13 Հայաստանի քաղաքացիներ, ովքեր նախքան Ս. Թադէոս վանք մեկնելը, երկուշաբթի՝ յուլիսի 9-ին, ժամանեցին Շիրազ, որտեղ կատարեցին եռօրեայ շրջագայութիւն՝ այցելելով համայնքի հայկական կենտրոններ եւ քաղաքի տեսարժան վայրեր: Շիրազ եղած ժամանակահատւածում խումբը հանգրւանեց «Հայ տուն»-ում եւ վայելեց տեղի հայ համայնքի վարչութեան եւ ժողովրդի ջերմ վերաբերմունքը, իսկ երեքշաբթի՝ յուլլիսի 10-ի առաւօտեան, քահանայ հօր ձեռամբ Ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Շիրազի Ս. Աստւածածին եկեղեցում, որին ներկայ էին ուխտաւորներն ու համայնքի ներկայացուցիչները:

Հոգեպարար արարողութեան կազմակերպման գործում խմբի հետ համագործակցութիւն էր ցուցաբերել Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհուրդը: Խորհրդի կարգադրութեամբ բրշ. սարկաւագներ՝ Ալբերտ Ղազարեանն ու Արա Բաղումեանը մեկնել էին Շիրազ մասնակցելու Ս. պատարգին: 

Խումբը հինգշաբթի՝ յուլիսի 12-ին, աւարտելով Շիրազում իր այցելութիւնները մեկնեց դէպի Ատրպատականի հայոց թեմ:

 

Նիւթը կազմեց «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝ ուխտաւոր խմբի անդամ, իրանահայ Անահիտ Եղիայեանի փոխանցած տեղեկութիւնների համաձայն

Լուսանկարները տրամադրեցին՝ բրշ. սրկ. Ալբերտ Ղազարեանն ու Անահիտ Եղիայեանը