Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախաձառնութեամբ եւ Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 15-ի երեկոյեան, շրջանի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում կայացաւ սոյն միութեան 2-րդ դասախօսական երեկոն՝ 100-ամեակի յոբելեանի առթիւ:
Երեկոյին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց դպրոցների ներկայացուցիչները եւ մի շարք այլ հրաւիրեալներ:
Սկզբում ողջոյնի եւ բարիգալստեան խօսքերով հանդէս եկաւ կազմակերպիչ միութեան անդամուհի Գայիանէ Եղիազարեանը, ապա «Հայկական պետականութեան ակունքներից» թեմայի շուրջ դասախօսական ելոյթ ծաւալեց Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ եւ պատմութեան մասնագէտ Վարուժ Մովսիսեանը:
Դասախօսը հիմնականում պատմական եւ փաստագրական տւեալների համաձայն ակնարկ ունեցաւ հայկական պետականութեանը՝ իր սկզբնաւորման օրից մինչեւ մերօրեայ շրջան: Նա իր ելոյթի նախաբանն էր ընտրել հին աշխարհի գրաւոր սկզբնաաղբիւրներում հայկական պետականութեան մասին պահւող տեղեկութիւններից եւ վկայութիւններից նմուշները, որոնցից են՝ սրանից շուրջ 5000 տարի առաջ շումերական արձանագրութիւններում Արատա կոչւող երկրի մասին յաւերժացած գրութիւնները, ուր երկիր բառի գործածումն արդէն փաստում է պետականութեան գոյութիւնը եւ Աստւածաշնչում յիշատակւած Եդեմ դրախտը, որտեղ խօսքը Տիգրիս, Եփրատ, Գեհոն ու Փիսոն գետերի ակունքի՝ Հայկական լեռնաշխարհի մասին է:
Բովանդակալից դասախօսութեան շարունակութեան մէջ պրն. Մովսիսեանն առանձնաբար կանգ առաւ հայկական թագաւորութիւնների եւ իշխանութիւնների պատմութիւնների կարեւորագոյն եւ ճակատագրական հանգրւանների վրայ, իսկ ակնարկ ունենալով Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրմանը, կարեւորեց այն հանգամանքը, որ անկախութիւնը ձեռք է բերւել Հայոց ցեղասպանութիւնից ուղիղ երեք տարի անց՝ հայ ժողովրդի եւ ղեկավարութեան վիթխարի զոհողութիւնների շնորհիւ:
Պրն. Մովսիսեանն իր խօսքի եզրափակիչ հատւածում անդրադարձ կատարեց կանանց դերակատարութեանը Հայաստանի առաջին Հանրապետութեան ժամանակշրջանում, եւ շեշտեց, որ Հայաստանը 1918 թւականին եղել է այնպիսի առաջադէմ երկիր, որտեղ կանայք ունեցել են մինչեւ այդ թւականն աննախադէպ մի իրաւունք՝ ընտրելու եւ ընտրւելու իրաւունք:
Դասախօսական ելոյթն առաւել տպաւորիչ դարձաւ համապատասխան պատկերների ցուցադրմամբ:
Թղթակից (Նոր Ջուղա)