Ուրբաթ՝ 2018 թւականի մայիսի 4-ին, նախաձեռնութեամբ ՀՀ հիմնադրման 100-ամեակի տօնակատարութեան Նոր Ջուղայի ենթայանձնախմբի եւ համագործակցութեամբ համայնքի բոլոր միութիւնների, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում տեղի ունեցաւ ժողովրդական տօնախմբութիւն:
Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, թեմի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները եւ հոծ թւով ժողովուրդ:
Երեկոն բացւած յայտարարւեց ՀՀ օրհներգի յոտնկայս ունկնդրութեամբ, որից յետոյ ողջոյնի եւ բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ հանդիսավար Անի Ղազարեանը:
Կազմակերպիչ ենթայանձախմբի խօսքն ընթերցեց Անի Շահիջանեանը, ով ակնարկ կատարելով մայիսեան յաղթանակին, նշեց, թէ Մայիս 28-ը ոչ միայն Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման, այլեւ հայկական պետականութեան վերականգնման տօնն է. պետականութիւն, որի հիմքերի վրայ կառուցւեց նաեւ Հայաստանի այսօրւայ հանրապետութիւնը. պետականութիւն, որն իր ազատ եւ ժողովրդավար դրւածքով ու կառավարման համակարգով դարձել է օրինակելի:
Տօնախմբութեանն առաւել աշխուժութիւն եւ խանդավառութիւն հաղորդեց Կարէն Օհանեանը ազգային եւ հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարմամբ: Կարէնին ընկերակցում էր «Անի» նւագախումբը:
Ընթացքում ցուցադրւեց ՀՀ հիմնադրմանն անդրադարձող տեսանիւթ, պարային կատարումներով հանդէս եկան Փերիոյ Կրթ. միութեան «Նայիրի» պարախմբի անդամուհիներ՝ Ալինէ Յարութիւնեանն ու Սիւնէ Ուղուրեանը, իսկ հայկական շուրջպարերով մթնոլորտն աւելի ջերմացրեց ժողովուդրը:
Հ.Յ.Դ. «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութեան միջոցով նախատեսւել էր կրպակ, ուր հայկական եռագոյնի գոյներով դաճւեցին մանուկների դէմքերը եւ փոքրիկները նկարեցին «Հայրենիք» թեմայով գեղեցիկ նկարչութիւններ: Աւանդական ճաշատեսակների եւ ուտելիքների պատրաստման աշխատանքն ստանձնել էին՝ Փերիոյ Կրթ. եւ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութիւնները, Ն. Ջ. Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղը եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Երէցների միաւորը:
Թղթակից (Նոր Ջուղա)