Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի գրական միաւորի նախաձեռնութեամբ եւ Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ, չորեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ գեղարւեստական երեկոյ՝ յագեցած մանկական գեղեցիկ ներկայացումներով:
Փոքրիկներից ու նրանց ծնողներից բացի՝ երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի, ազգային մարմինների, հայոց դպրոցների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:
Սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ մասնաճիւղի Գրական միաւորի անդամուհի Քառոլին Վարդանեանը, ով ողջունելով ներկաներին, անդրադարձ ունեցաւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր սերնդին եւ հայ ժողովրդի ձեռքբերումներին:
Ծրագրի առաջին գեղարւեստական ելոյթն իրականացւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան եւ ուսուցչական կազմի համագործակցութեամբ, ուր հայրենասիրական երգերով ու ասմունքով ելոյթ ունեցան մանկապարտէզի Դեղին խմբակի սաները:
Փոքրիկների գեղեցիկ ելոյթին յաջորդեց «Պապն ու շաղգամը» հեքիաթի ներկայացումը մի խումբ մանուկների ու պատանիների հետաքրքիր կատարմամբ: Ներկայացման պատմիչն էր Ստեփանիա Յակոբեանը, իսկ դերերում հանդէս եկան՝ Թադէ, Թեդի եւ Թենի Թահմազեանները, Անիա եւ Գեւիկ Յովսէփեանները, Միրօ Խուդավերդեանն ու Սիսիանա Յակոբեանը:
Յաջորդ ներկայացումը Յովհաննէս Թումանեանի «Շունն ու կատուն» էր, որը բեմականացւեց մասնաճիւղի Գրական միաւորի ջանքերի շնորհիւ: Պատմիչի դերը ստանձնել էր միութեան անդամուհի Վեհանուշ Խուդաբախշեանը, իսկ միւս կերպարները մարմնաւորեցին դարձեալ միութենականներ՝ Սոնիա Մկրտչեանն ու Վանէ Թորոսեանը, պատանի Լէօ Շահիջանեանը եւ փոքրիկ Մանէ Բարսեղեանը:
Աւարտին թատրոնի դերձակ կատուն եւ իր օգնականը մանուկների հետ հաճելի երկխօսութեան մէջ մտնելով՝ նրանց փոխանցեցին հեքիաթի պատգամը՝ լինել պարտաճանաչ եւ կատարել խոստումները:
Հաճելի եւ խանդավառ երեկոյի եզրափակիչ խօսքն արտասանեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Նա իր ուրախութիւնը յայտնելով՝ դաստիարակիչ կէտերով յագեցած ծրագրի իրականացման համար, կարեւորեց այն հանգամանքը, որ փոքրիկներն իրենց վարքագիծը հաստատում են մեծերին ընդօրինակելով:
Սրբազան Հայրն իր խօսքի շարունակութեան մէջ նոյնպէս կարեւորելով խոստումին տէր կանգնելը, մատնանշեց առաջին ներկայացման պատգամը եւ ասաց, որ դժւարութիւնները յաղթահարելու համար պէտք է թեւութիկունք կանգնենք միմեանց եւ վստահենք նաեւ փոքրիկ ուժերին:
Թղթակից (Նոր Ջուղա)