Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ հինգշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 26-ի կէսօրին, Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան գրասենեակում, նոյն միութեան անդամուհիների մասնակցութեամբ, ցուցադրւեց Ցեղասպանութեան ժամանակ հարկադրաբար հաւատը փոխած հազարաւոր հայ ընտանիքների մասին պատրաստւած «Ծպտեալ կեանք» խորագրով վաւերագրական ֆիլմը: 

Սկզբում Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի անունից արտայայտւեց Արիս Դաւթեանը, ով անդրադառնալով ֆիլմի թեմային, բացատրութեամբ հանդէս եկաւ Հայ Դատի ուղղութեամբ կատարւող աշխատանքների եւ Հայոց Ցեղասպանութիւնից վերապրած ու իսլամ կրօնն ընդունած հայերի մասին: Նրա հակիրճ բացատրութիւններին յաջորդեց ֆիլմի ցուցադրումը, որը մեծ հետաքրքրութիւն եւ յուզմունք առաջացրեց ներկաների մօտ:

Ֆիլմի աւարտին պրն. Դաւթեանն աւելի լայն տեղեկութիւններ փոխանցեց Արեւմտեան Հայաստանի եւ առհասարակ Թուրքիայում բնակւող ծպտեալ հայերի կեանքի ու սովորութիւնների կապակցութեամբ: 

Ծրագրի կազմակերպման գործում Հայ Դատի գրասենեակի հետ համագործակցել էր Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութիւնը:

 

Թղթակից (Շահինշահր)

Լուսանկարը տրամադրեցին կազմակերպիչները