Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման ծրագրերը ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ իրականացան Նոր Ջուղայում: 

Երկուշաբթի՝ ապրիլի 23-ի երեկոյեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու կատարողութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, “Ս. Ստեփանոս” եկեղեցում կայացաւ Սջրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը: Այնուհետեւ  թեմակալ առաջնորդի գլխաւորութեամբ սկիզբ առաւ խորհրդաւոր լռութեան ներքոյ մոմերով երթը, որի շարքերը յորդառատ անձրեւն անգամ չկարողացաւ նոսրացնել: Դէպի Ս. Ամենափրկիչ վանք տանող այս երթին մասնակցել էին Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, հոգեւոր հայրերը եւ ազգային մարմինների ու Հայ Դատի յանձնախմբի անդամները եւ ժողովուրդ:

Վանքում պահանջատէր ժողովրդին իր խօսքն ուղղեց պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, ով նշելով, որ Օսմանեան կայսրութեան իշխանութիւնը տարածաշրջանում հայ ժողովրդի համար աղէտալի հետեւանքներ բերեց, որոնց շարանում ամենաղէտալին ծրագրւած տեղահանութիւններն ու Ցեղասպանութիւնն էին, շեշտեց, թէ Թուրքիայի հանրապետութեան հիմքը ոճրագործութեան վրայ է դրւած եւ նրանք չեն կարող թաքցնել հայ ժողովրդի դիակներն ու թափւած արիւնը: 

Նա իր խօսքի շարունակութեան մէջ յիշեցնելով, որ Թուրքիայի պետութեան հայատեացութեան քաղաքականութիւնը աւարտւած չէ, աւելացրեց, թէ հայ ժողովրդի պայքարը երկարաշունչ է լինելու, քանի որ նա տոկուն է, արի, գիտի բռունցք դառնալ եւ գիտի ամենաբարդ պահերին ինչպէս միասնական ոգի դրսեւորել. երկարաշունչ պայքարը հաստատ յաղթանակով է աւարտւելու:

Վանքում կայացած համահաւաքը վարեց Ադրինէ Ղեւեանը:

Երեքշաբթի՝ ապրիլի 24-ի առաւօտեան, սկզբում թեմակալ առաջնորդի նախագահութեամբ եւ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ձեռամբ, Մեծ Եղեռնի բիւրաւոր Սուրբ նահատակների յիշատակին մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, Ս. Ա. վանքի “Ս. Յովսէփ Արիմաթացի” եկեղեցում: Այնուհետեւ շրջափակում, Ցեղասպանութեան բիւրաւոր նահատակների յոշարձանի առջեւ կայացաւ ծաղիկների մատուցման արարողութիւն՝ ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների, հայոց դպրոցների ու ժողովրդի մասնակցութեամբ: Ժամը 11:30-ին, մեծաթիւ հայորդիների մասնակցութեամբ սկիզբ առաւ բողոքի քայլարշաւը, որը ներկաների ուժգին վանկարկումների ներքոյ ընթացաւ Արեւելեան Նազար, Թոհիդ, Շարիաթի եւ Հաքիմ Նեզամի գլխաւոր պողոտաներով:Քայլերթին մասնակցող Ժողովրդին առաջնորդում էին Սրբազան Հայրը, քահանայից դասը, պատգամաւոր ժորժիկ Աբրահամեանն ու ազգային մարմինների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի անդամները:

Նոյն օրը երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան սրահում կայացաւ դասախօսական-գեղարւեստական երեկոյ, որին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, քահանայ հայրեր, ազգային մարմինների ու Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:

Երեկոն սկիզբ առաւ “Սուրբերու աչքեր” երգով, որը կատարեց Ս. Ա. վանքի “Կոմիտաս” երիտասարդական երգչախումբը: 

Թեմական խորհրդի խօսքն ընթերցեց Սոնիկ Բաղումեանը: Խորհրդի ատենադպիրն ընդգծեց, որ Թուրքիայի պետութիւնն իր պատմութեան եւ պարտաւորութիւնների հետ առերեսւելու փոխարէն, Նոր-Օսմանական նկրտումներով ապակայունացնում է մեր տարածաշրջանը եւ զօրք է մտցնում հարեւան երկրներ՝ միեւնոյն ժամանակ ոտնահարելով իր իսկ քաղաքացիների իրաւունքներն ու անտեսելով նրանց արդար պահանջը՝ ընդունելու Հայոց Ցեղասպանութեան պատասխանատւութիւնը:

Տկն. Բաղումեանն անդրադառնալով նաեւ անցնող օրերի ընթացքում Հայաստանում ձեւաւորւած ժողովրդային շարժումին՝ ասաց. “Դրա յաջողութեան հիմնական գրաւականը հայութեան եւ յատկապէս հայրենի ժողովրդի ու երիտասարդ սերնդի զգօնութիւնն ու գործունէութիւնն է՝ միմիայն խաղաղ ճանապարհներով առաջ գնալու համար, Ժողովրդային շարժումը պէտք է շարունակի թոյլ չտալ որեւէ արտաքին միջամտութիւն Հայաստանի ներ-քաղաքական կեանքում՝ յոյժ կարեւորութեամբ հետեւելով հայրենի սահմանների անվտանգութեանը”:

Երեկոյի դասախօսն էր գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Սրբազան Հայրն իր ելոյթում մատնանշելով, թէ աշխարհում գոյութիւն ունեն պատերազմի սառը եւ տաք տեսակները՝ յատկապէս ընդգծեց, թէ լինում են սեւ եւ սպիտակ ջարդեր: 

Դասախօսը նշելով, որ մեր ազգի նկատմամբ կիրառւած Ցեղասպանութիւնը առ այսօր շարունակւում է հայկական սպիտակ ջարդի ներքոյ, սպիտակ ջարդը բնութագրեց մի երեւոյթ, որն աւելի երկարաժամկէտ եւ թեթեւազդու է ցեղասպանութեան համեմատութեամբ:

Նա հայկական սպիտակ ջարդի տեսակները թւարկեց հետեւեալ կէտերում. 

ա. Որդեծնութեան պակաս, որը մերօրեայ պայմաններում հանգեցրել է հայ ընտանիքների անդամների թւի նւազմանը:

բ.Արտագաղթ, ինչի արդիւնքում դատապարտւած ենք տկարանալու եւ մարելու: 

գ. Թշնամիների կողմից երկրի շրջափակում, որը մեր հայրենիքի հզօրանալու, հարստանալու եւ բարգաւաճելու հնարաւորութիւնները նւազեցնում է:

դ.Հանդարտ կամ պաղ պատերազմ, ինչի պարզ ապացոյցը հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի թշնամական վերաբերմունքը եւ հայրենիքի սահամաններում տիրող ոչ խաղաղ վիճակն է: 

ե. Տեղափոխութիւն, որը հիմնականում առաջացել է հայրենիքի իրավիճակի պատճառով.

զ. Ձուլում, որի վտանգների ծաւալը մեծ է հայ ժողովրդի համար՝ այն պարզ պատճառով, որ հայութեան հսկայական զանգւածը բնակւում է հայրենիքից դուրս:

Երեկոյի գեղարւեստական բաժնում հիմնականում հայրենասիրական ոգեշնչող երգերով ելոյթ ունեցան Հայաստանից ժամանած երգիչներ՝ Արմէն Յովհաննիսեանն ու Յակոբ Յակոբեանը, իսկ ընթացքում Ն. Ջ. Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան Մշակութային միաւորի “Կռունկ” համոյթի կրտսեր պարախումբը կատարեց “Արցախ” պարային համարը, իսկ աւագ խումբը՝ “Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ”-ը: Նոյն համոյթի ասմունքի խմբի անդամները հանդէս եկան երկու ասմունքներով. Նազէ Ասատրեանը, Անի Ղազարեանն ու Վանանդ Իսաղուլեանն ասմունքեցին Ս. Կապուտիկեանի “Մտորումներ ճանապարհի կէսին” բանաստեղծութիւնը, իսկ Թանիա Մինասեանը՝ Սիամանթոյի “Մենախօսութիւն”-ը:

Ապրիլ 24-ի առաւօտեան վանքում իրականացւած ծաղկեմատոյցը եւ երեկոյեան “Արարատ” միութիւնում տեղի ունեցած դասախօսական-գեղարւեստական ձեռնարկը վարեց Մարտունի Խաչիկեանը: Եկեղեցական երկօրեայ արարողութիւնների ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ա. վանքի “Կոմիտաս” երգչախումբը՝ խմբավար Արմէն Ամիրխանեանի ղեկավարութեամբ:

Յատկանշական է, որ Հ.Յ.Դ. “Թադէոս Թադէոսեան” պատանեկան միութեան գեղեցիկ մտայղացմամբ պատրաստւել էր միասնականութիւնը խորհրդանշող մի պատկեր, որը ապրիլ 24-ի միջոցառումներին զուգահեռ ցուցադրւեց Ս. Ա. վանքի ու “Արարատ” միութեան շրջափակում եւ ամբողջովին գունազարդւեց պահանջատէր ժողովրդի միասնական ջանքերով: 

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան
 

/