Կիրակի՝ 2018 թւականի ապրիլի 22-ի առաօտեան, Նոր Ջուղայի Հայոց ազգ. «Քանանեան» եւ «Կատարինեան» միջնակարգ դպրոցների աշակերտ-ուհիները ընկերակցութեամբ իրենց տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի ներկայ գտնւեցին Ս. Ամենափրկիչ վանքում՝ յարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակին:
Ծրագրին ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, քահանայից դասի ու Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչները, Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման յանձնախմբի անդամներն ու ժողովուրդ:
Սկզբում ծաղկեպսակ զետեղւեց յուշարձանի առջեւ, ապա աշակերտական ելոյթների շարանում բացման խօսքով հանդէս եկաւ Մինելի Ղազարեանը:
Լիլիթ Գէորգեանն ասմունքեց «Հայուհի» բանաստեղծութիւնը, Ռենիա Մինասեանն ընթերցեց անգլերէն լեզւով խօսքը, Ֆէրէյդուն Մոշիրիի «Շարմեթան բադ» բանաստեղծութիւնն ասմունքեց Արգամ Յովսէփեանը, իսկ «Քէլէ լաօ» բանաստեղծութիւնը՝ Լիանա Ղազարեանը:
Ծրագրի աւարտին իր պատգամը փոխանցեց առաջնորդ Սրբազան Հայրը, ուր շեշտեց, թէ հայ ազգի նոր սերունդն իր արժէքը, տեղն ու դերակատարութիւնը իմանալով, պէտք է զբաղեցնի ապրիլ 23-ին ձերբակալւած, ապա նահատակւած մտաւորականների տեղը եւ դէպի ապագայ առաջնորդի իր ազգին ու հայրենիքը: Նա աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ լուսաւորի մատաղ սերնդի ճանապարհը՝ հայ ազգի ապագայ մտաւորականները դառնալու համար:
Ընթացքում պահանջատէր աշակերտները բռունցքները վեր բարձրացրած վանկարկեցին բողոքի եւ պահանջատիրութեան լոզունգներ, իսկ վերջում մէկական ծաղիկներ տեղադրեցին Եղեռնի յուշարձանի մօտ:
Յատկանշական է, որ ոգեկոչման ծրագրերի շարանում, հայոց դպրոցների աշակերտները մասնակցեցին Ս. Ամենափրկիչ վանքում կազմակերպած աշակերտական աշխատանոցներին եւ պատրաստեցին պատի թերթեր ու ձեռքի աշխատանքներ: Նոր Ջուղայի «Արմէն» տարրական կրթահամլիրի եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի 5-րդ եւ 6-րդ դասարանի սաների համատեղ աշխատանոցը կայացաւ չորեքշաբթի՝ ապրիլի 18-ին, իսկ «Քանանեան» ու «Կատարինեան» միջնակարգ դպրոցներինը՝ ուրբաթ՝ ապրիլի 20-ին: Աշխատանոցներում պատրաստւած աշխատանքները եւ մանկապարտէզ-նախակրթարան ու տարրական դպրոցների աշակերտութեան նկարչութիւնները ցուցադրւել էին վանքի շրջափակում:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան