Ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 20-ի առաւօտեան, Շիրազի «Հայ տուն»-ում, տեղի հայ համայնքի ներկայութեամբ իրականացւեց դասախօսական ծրագիր, Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ :
Օրւայ դասախօսն էր Թեհրանից ժամանած քաղաքական փորձագէտ, թրքագէտ եւ «Պայման» պարբերաթերթի խմբագրական կազմի անդամ Գրիգոր Ղազարեանը, ով դասախօսական ելոյթ ունեցաւ «Թուրքիայի իշխանութիւնները եւ հայութեան կացութիւնն այսօր» թեմայի շուրջ:
Սկզբում Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի անունից ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Ժորժիկ Մատթէոսեանը: Նա իր խօսքում անդրադարձ ունեցաւ պատկան գրասենեակի իրականացրած աշխատանքներին ու ապագայ անելիքներին եւ յատկապէս օրւայ դասախօսի կենսագրական գծերին:
Այնուհետեւ Գրիգոր Ղազարեանը թեմայի մասին արտայայտւեց: Նա մի շարք տւեալների եւ իրադարձութիւնների մասին իրազեկումով, ընդգծեց վերջին տարիներին հայութեան եւ Հայոց Ցեղասպանութեան հարցերի կապակցութեամբ Թուրքիայի պետութեան քաղաքականութեան եւ հասարակութեան կեցւածքի մէջ նկատւող փոփոխութիւնները, ինչպէս նաեւ Թուրքիայի հայ համայնքի կացութիւնը տարբեր տեսանկիւններից:
Վերջում դասախօսը պատասխանեց ներկաներին յուզող հարցերին:
Թղթակից (Նոր Ջուղա)